Կարծում եմ դեռ շատ վաղ է գնահատական տալ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը արդյունք տվել է, թե ոչ, պայքարն ընթացքի մեջ է։ Ես առավել քան, վստահ եմ, որ մենք այս գործում հաջողելու ենք, որովհետև Փաշինյանի հրաժարականը չունի որևէ այլընտրանք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադառնալով, թե ինչ է լինելու եթե Փաշինյնաը հրաժարական չտա։
«Սա ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, կաթողիկոսների, նախկին նախագահների, վաչապետների, հանրային ամենատարբեր շրջանակների կողմից ձևավորված օրակարգ է, այլ նաև մեր երկրի առաջ ծառացած ազգային անվտանգության հարց։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ այսօր առավել ևս, երբ Արցախի 75 տոկոս կորստից հետո վտանգված են ՀՀ տարածքային ամբողջականությունը, Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել հանդիսանալ ազգային անվտանգության երաշխավոր»,-ասաց Տոնոյանը։
Տոնոյանի խոսքով, իրենք բացառում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է ամիսներ շարունակ մնալ իշխանությունում։
«Այսօր չկա որևէ քաղաքական օրակարգ, քան Փաշինյանի հեռացումը, ժամանակավոր կառավարության ձևավորումը և արտահերթ ընտրությունների անցկացումը»,-ասաց Տոնոյանը։
Անդրադառնալով Ալիևի և Էրդողանի հայտարարություններին, թե Երևանը, Սևանը և Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողերն են, ասաց․ «Ես իսկապես ամոթալի ցավի զգացում ունեցա, այդ հայտարարությունները լսելով, սակայն ինձ համար ավելի ցավալի էր, որ մեր ռուս գործընկերներն ավելի շուտ արձագանքեցին այդ հայտարարություններիկն, քան ՀՀ պատկան մարմինները։ Ես ցավում եմ, որ մեր կառավարությանը շուրջ ութ ժամ պահանջվեց, որպեսզի անբովանդակ արձագանքով հանդես գար»։