Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պատմական զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ ցանկացած առաջընթացի հիմքում ընկած է գրագետ ու մտածելու բարձր կարողություններով օժտված մարդկանց ակտիվությունը: Նրանք օրինաչափորեն լինելով հասարակության փոքրամասնությունը, այդուամենայնիվ, իրենց ուսերին են վերցնում մեծամասնությանն առաջնորդելու և զարգացման նոր հորիզոններ հաղթահարելու բավականին ծանր պատասխանատվությունը: Այդպես եղել է միշտ և բոլոր ժամանակներում: Մարդկության պատմությունը փաստում է նաև, որ այդ երկարատև ճանապարհին հաջողել են այն ազգերն ու պետությունները, որոնց մեծամասնությունը՝ հրաժարվելով նեղանձնական ու ինքնաբավ ցանկություններից, ապավինել է մտածելու և գործելու բարձր կարողություններով օժտված փոքրամասնության առաջնորդությանը: Սա բացարձակ ճշմարտություն է և անհրաժեշտաբար կատարելու պահանջ հատկապես այն ժողովուրդների և պետականությունների համար, որոնց ինքնրույն գոյատևման իրավունքը սահմանափակված է՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական լրջագույն բարդություններով:

Հ. Գ. -Այս օրերին Երևանի փողոցներ են դուրս գալիս համեմատաբար քիչ թվով քաղաքացիներ, քան դա եղել է 2018-ի ապրիլին… Բայց նրանց շարքերում այն մտածող և գործունյա փոքրամասնությունն է, որը պարտադրված է նեղանձնական ու ինքնաբավ ցանկություններով տարված և, այդ ամենի արդյունքում՝ պետության նավը կործանման տանող մեծամասնությանը փրկել վերահաս աղետից… Բայց արի ու տես, որ այդ պասիվ մեծամասնությունը դեռևս անկարող է հաղթահարել այն երևակայական «արդարության» պատնեշը, որն ավելի քան երկուսուկես տարի շարունակ կառուցվել է ստի և կեղծիքի վրա ու արդյունքում հանձնել Հայրենիքի մի ստվար մաս… Արդյունք, որի համար պատասխանատու է ոչ թե մտածող փոքրամասնությունը, այլ ինչ որ մեկին իշխանության բերած մեծամասնությունը»: