Ով եղել է Մոսկվայում (կամ նաև աշխարհի այլ խոշոր քաղաքներում ևս) և երթևեկել է մետրոյով, պետք է որ անպայման նկատած լինի, որ ի տարբերություն մեր՝ Երևանյան մետրոյի՝ ձայնային հաղորդագրություններն այստեղ ունեն փոքրիշատե նկատելի տարբերություններ: Չցանկանալով երկարուձիգ առանձնահատկություններ նշել այս առումով՝ միանգամից ներկայացնեմ դրանցից կարևորները:

 

1. Երթևեկության ուղղությանը համահունչ՝ կանգառների անվանումներն ու հաջորդ կայարանի մասին տեղկատվությունը հաղորդվում են 2 տարբեր տեսակի ձայներով: Դեպի կենտրոն գնալիս հնչում է տղամարդու ձայն, կենտրոնը հատելուց հետո՝ կանացի: Սա արված է հատուկ՝ տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար: Ըստ որում նման տարբերակում կա նաև օղակաձև վտակի համար: Ժամացույցի սլաքի ուղղությամբ լսվում է տղամարդու ձայն, հակառակ ուղղությամբ՝ կանացի, թեպետ սա մեզ համար կիրառական նշանակություն չունի:

 

2. Թվում է թե մանրուք է, սակայն ամեն անգամ դռները բացվելիս՝ լսվում է օգտակար նախազգուշացում՝ «Հարգելի ուղևորներ, գնացքից դուրս գալիս մի մոռացեք ձեր իրերը»: Խոստովանենք, շատերն են ընկնում զրույցով և հաճախ մոռանում ինչ-որ իր տրանսպորտի մեջ: Հաճելի է նման զգուշացում լսելը՝ գնացքից դուրս գալիս: Կամ ասենք «Հարգելի ուղևորներ, կասկածելի իրեր նկատելիս՝ անմիջապես հաղորդեք մեքենավարին»:

 

3. Առավել դուրեկան է, երբ դռները փակվելիս լսվում է հաճելի և նուրբ հորդոր. «Հարգելի քաղաքացիներ, եղեք փոխադարձ բարեհամբույր, զիջեք Ձեր տեղը հաշմանդամ, հղի և երեխաներով ուղևորներին»:

 

4. Մետրոյի կայարաններում հաճախ կարելի է լսել հաղորդումներ օրվա կամ շաբաթվա գլխավոր համերգային իրադարձությունների մասին: Լսվում են նաև մետրոյից օգտվելու կանոնները՝ հակիրճ և ոչ ձանձրացնող առոգանությամբ, երբեմն հնչում է նաև դասական երաժշտություն:

 

 

 

Կարապետ Ավետիսյան