ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Եվրոպական միության հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Բրիտանական խորհրդի համագործակցությամբ իրականացվող «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարները» ծրագիրն ամփոփվել է:
Այն իր բովանդակությամբ, ծավալներով և նշանակությամբ աննախադեպ էր: Ծրագիրն իրականացնող փորձագիտական խումբը դեկտեմբերի 13-ին՝ Ծաղկաձորում կայացած աշխատաժողովի ընթացքում, պետական թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարներին ներկայացրել է շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքները, ոլորտի բարեփոխման առաջարկությունների փաթեթը։
Փորձագիտական հետազոտությունն իրականացվել է մշակույթի, մասնավորապես ժամանակակից արվեստի ոլորտի լայն ընդգրկմամբ և խնդիրների բազմաշերտ վերլուծությամբ: Դիտարկվել և գործուն մեխանիզմներ են առաջարկվել պետական լիազոր մարմնի հետ համագործակցային նոր մշակույթի ձևավորման, մարդկային ռեսուրսների կառավարման ու զարգացման, մարքեթինգի կատարելագործման, թիրախային շուկաների բացահայտման, խաղացանկային քաղաքականության, ֆոնդահայթայթման, բարձր տեխնոլոգիաների կիրառման, որակական ցուցանիշների ներդրման վերաբերյալ: Առաջարկվել և մասնակիորեն իրականացվել են բազմաթիվ նպատակային օրենսդրական փոփոխություններ: Մասնակիցներին տրամադրվել է ինչպես լիարժեք գործունեության բարելավված իրավական հենք ձևավորելու, այնպես էլ եկամուտների տարբերակման մոդելների ներդրման առաջարկությունների ծրագիր:
Ծրագրին զուգահեռ՝ տարվա ընթացքում փորձագիտական խումբը խորհրդատվական անհատույց աջակցություն է ցուցաբերել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպություններին։