ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին:
Նապարարության՝ հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Սխերմերսին և կարևորել բարեկամական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև՝ դրա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնելով:
«Երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու նպատակով ուրախ կլինենք զարգացնել և ընդլայնել կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:
Կողմերն ընդգծել են հատկապես կրթության ոլորտում համագործակցության ներուժը: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է հայ-նիդերլանդական բարեկամական համագործակցության շրջանակում դիտարկել, մասնավորապես, միջբուհական համագործակցության զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Քննարկվել է նաև գիտության և հետազոտության ոլորտում, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա», «Էրազմուս+» համագործակցությունների ձևաչափով:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է տանում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Ըստ այդմ՝ արտերկրում գործող շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում են ստանում:
Անդրադառնալով մշակութային ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու փոխհամագործակցությունը մշակույթի և ստեղծագործական ոլորտում: Նախարարը, մասնավորապես, առաջարկել է դիտարկել Նիդերլանդների մշակութային հարթակներում մշակութային միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ: Ժ. Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ մեծանուն հայ կոմպոզիտորի ծննդյան հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում են Հայաստանի նվագախմբերի հյուրախաղերը մի շարք օտարերկրյա պետություններում:
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի խոսքով՝ Հայաստանն ու Նիդեռլանդների Թագավորությունն ունեն մշակութային մի շարք ընդհանրություններ, որոնք կարող են կրթամշակութային ծրագրերի առիթ դառնալ:
Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանի դիրքը համաշխարհային սպորտային քարտեզում ընդգծելու ուղղությամբ. «Ուրախ կլինենք Նիդերլանդների ներկայացուցիչներին ևս տեսնել Երևանում նախատեսված միջազգային մրցաշարերին: Կարող ենք դիտարկել նաև համատեղ ուսումնամարզական հավաքների, սեմինարների կազմակերպումը»:
Դեսպան Սխերմերսը հայտնել է, որ 2022 թվականի մայիսին Երևանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը Նիդերլանդների թիմը մասնակցել է. առաջիկա մրցաշարերին ևս մասնակիցներ կունենան:
Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև երկու երկրների երիտասարդների շրջանում համատեղ ճամբարների, օլիմպիադաների և այլ փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը: