Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության և տնտեսության ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, դրանց առանձին ուղղություններով համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում, ինչպես նաև քաղաքացիական նշանակության արտադրանքի թողարկման ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության խորացման հարցերը:
Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Ռոգոզինը պայմանավորվածություններ են ձեռք բերել նաև պետական ռեզերվների, արտակարգ իրավիճակների և մի շարք այլ ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ: Արթուր Բաղդասարյանը Դմիտրի Ռոգոզինին հրավիրել է այցելել Հայաստան, ինչը սիրով է ընդունվել:
Այցի ընթացքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, այդ թվում ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: