Գերությունից վերադարձած, Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը այժմ գտնվում է հիվանդանոցում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց նրա կինը՝ Հերմինե Առաքելյանը:
«Ինքնազգացողությունը վատ չէ, բայց նիհարած էր: Եկավ տուն, որից հետո տարան հիվանդանոց: Հետազոտության արդյունքները դեռևս պատրաստ չեն, չգիտենք, թե առողջական ինչ խնդիրներ ունի»,- պատմում է Հերմինեն:
Կինն ասում է՝ ամուսինը բոլորին ճանաչել է. «Ուրախությամբ դիմավորեցինք, բոլորիս հետ նորմալ շփվել է»:
Մեր այն հարցին, թե Նարեկը ոչինիչ չի՞ պատմել գերությունից, Հերմինեն չցանկացավ պատասխանել:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարդարյանը գերեվարվել էր 2020 թ. հուլիսի 8-ին` ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել էր ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ և գերեվարվել էր:
Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ մեկնարկեց գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը, որի շրջանակում Ադրբեջան վերադարձան 12, իսկ Հայաստան՝ 44 գերի։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։ Նարեկ Սարդարյանը գերիների այս խմբում չի եղել, նա Հայաստան է վերադարձել երեկ՝ ցամաքային ճանապարհով: