Գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Նարեկ Երեմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը՝ նշելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազի բողոքը: Նա ասաց՝ պատրաստվում են բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան։
Փաստաբանի խոսքով՝ դատախազի ներկայացրած բողոքի հիմնավորումներն անհիմն են. «Հայաստանում արդարադատությունը մեռնում է: Մյուս կողմից էլ ժողովրդական ասացվածք կա՝ «ընկերովի մահը հարսանիք է», ոչինչ, մենք չենք տխրում: Սակայն, Հայաստանը խժռում է իր զավակներին: Ամեն ինչ անում են, որ վերադարձած գերիները մնան կալանքի տակ:
Փորձելու ենք օրենքի սահմանում ամեն գնով պայքարել: 21 օր գերության մեջ գտնված, խոշտանգված, ծեծված, Հայաստան վերադառնալու մեծ հույսով ադրբեջանական գերության մեջ ապրածին բերել Հայաստան ու կալանավորել` իմ կարծիքով անմարդկային է», - նշեց նա:
Հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է կատարվածում՝ փաստաբանը չցանկացավ պատասխանել. «Ապագան ցույց կտա՝ ինչ ենթատեքստ կա: Ես իրենց քաղբանտարկյալ չեմ համարում: Կարծում եմ՝ սա ժամանակավոր է»,- եզրափակեց Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Երեմյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով։ Նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: Նշված քրգործով կալանավորված 5 զինծառայողի սպառնում է 3-7 տարվա ազատազրկում, իսկ գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանին՝ 3-8 տարվա ազատազրկում։
Սոնա Հարությունյան