Հեղափոխությունից հետո շատերն են զուգահեռներ անցկացնում ներկա և նախկին իշխանությունների միջև: Շատերի կարծիքով իրավիճակ է փոխվել, մյուսներն էլ պնդում են, որ ՔՊ նույն ՀՀԿ-ն է` պարզապես քաղաքական տյունինգի ենթարկված: Փորձենք վեր հանել անցյալի և ներկայի քաղաքական իշխանությունների տարբերությունները և նմանությունները: 

Դիցուք՝ նոր իշխանությունը փորձում են բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Եվ սա այն դեպքում, երբ Թավշյա հեղափոխությունից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը որպես առաջին քայլերից մեկը, հայտարարեց բուհերն ապակուսակցականացնելու մասին: Բայց հիմա ստացվում է` նրանք ևս ընթանում են նախորդների ճանապարհով: Արայիկ Հարությունյանից հետո էլ նոր նախարարը շարունակում է այս գործելաոճը: 

Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում դասավորելու, գնումների համակարգում նրանց «չալաղաջ պայմանագրերը առաջարկելու պրակտիկայում ՔՊ-ն շուտվանից է խփել ՀՀԿ բոլոր ռեկորդները: Այս առումով հերոսները Արարատի մարզպետն ու Երևանի քաղաքապետն էին՝ համապատասխանաբար դպրոցի ուսմասվար տնօրենով և գնումների մրցույթում հաղթած մտերիմ ընկերներով: 

Ինքնապարգևատրումները, չարած աշխատանքի դիմաց պետական բյուջեի հաշվին ճոխ ինքնահատկացումներ անելու հարցում ՔՊ-ն նույնպես վաղուց հատել է նախկինում՝ ՀՀԿ սահմանած կարմիր գիծը: Ապօրինությունների դեմ անողոք պայքարի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ-ական պաշտոնյաների՝ օրենքի խախտմամբ տրված պարգեւատրումները ոչ միայն ներվեցին, այլեւ քաջալերվեցին: Ներվեցին, քանի որ դրանցով Փաշինյանն իր ղեկավարած կուսակցության ֆինանսական խնդիրներն է լուծում: 

«Իմ քայլը» խմբակցությունը, ՀՀԿ անելով հանգիստ կարող է տապալել ԱԺ նիստը, չապահովելով քվորում օրինակ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության քննարկման ժամանակ: Հեղափոխությունից հետո մինչ ընտրությունները նման կերպ վարվում էր հենց ՀՀԿ-ն, ինչն էլ ակտիվորեն քննադատվում էր ՔՊ-ականների կողմից: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով լինելով ընդդիմադիր պատգամավոր մշտապես Սերժ Սարգսյանին մեղադրում էր կոռուպցիայի մեջ՝ վերջին 2.5 տարիների ընթացքում հավաքել է նման մեղադրանքների ավելի մեծ ուղեբեռ, ի դեպ, այդ մեղադրանքներից և ոչ մեկը փաստացի չի հերքվել: 

Նիկոլ Փաշինյանը հաճախ էր քննադատում ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին՝ յուրայիններին պահելու և ջրից չոր դուրս բերելու համար: Ըստ Փաշինյանի՝ դա թայֆայականության դրսևորում էր, որը պետք է արմատախիլ արվեր պետական կառավարման համակարգից: Իրականում՝ Փաշինյանը ճիշտ էր և նման մեղադրանքները, մեծամասամբ, տեղին էին: Ինչ արժեր միայն «Հարսնաքար»-ի դեպքը, երբ Ռուբեն Հայրապետյանի գործը ջրելը, Արագածոտնի նախկին սկանդալային մարզպետ Սարգիս Սահակյանի գլուխը բազմաթիվ դեպքերում ազատելը՝ հաշվի առնելով, որ նա համարվում էր Սերժ Սարգսյանի մտերիմը: ՀՀԿ-ն, իրոք, ուներ նման պրակտիկա, տարակուսելին բնավ էլ դա չէ: Տարակուսելին այն է, որ այդ նույն պրակտիկան ժառանգել է հեղափոխական ՔՊ-ն: 

Դիցուք՝ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեղադրեց նախկին իշխանությունների հետ փողկապակցված գործարարների շահերը սպասարկելու մեջ։ Իրավապահները դարձյալ լռում են: 

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունն էր։ Կոմիտեի նախկին նախագահը պաշտոնակությունից հետո հայտարարեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը կոռուպցիոն պատմությունների մեջ է թաթախված, սակայն մինչ օրս իրավապահները քրեական գործ չեն հարուցել՝ հաստատելու կամ հերքելու համար այս պնդումը: 

Վայոց ձորի նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանն էլ պաշտոնանկությունից հետո տարբեր կոռուպցիոն պատմությունների մասին խոսեց իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, դրանք կապելով նախկին մարզպետ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Տրդատ Սարգսյանի անվան հետ։ Տոնոյանի պաշտոնանկությունից կարճ ժամանակ անց պաշտոնանկ արվեց նաև մարզպետը, քանի որ ըստ որոշ լուրերի մասնակցել էր ԶՈՒ գնդապետի դաժան ծեծին։ Հարուցվեց քրգործ. որով սակայն նախկին մարզպետը անգամ որպես վկա չի անցնում:

Երևանի քաղաքապետարանում կամազների հայտնի գործարքը ոչ այլ ինչ էր, քան դասական կոռուպցիա, սակայն քաղաքապետ Հայկ Մարությանը , ով նախընտրական շրջանում օգտագործում էր իր ողջ դերասանական տաղանդը և Տարոն Մարգարյանին մեղադրում էր կոռուպցիայի մեջ՝ այդպես էլ չպատժվեց: 

Վերջին ամենաթարմ դեպքն էլ գրանցվեց վերջերս, երբ Գերմանիայից ստացված հումանիտար օգնությունը յուրացնելու մասին տեղեկության ֆոնին հանկարծ որոշեց հրաժարական տալ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Պարզ է, որ այս անգամ էլ վերջինիս պարզապես փորձում են փրկել: 

Նույն Փաշինյանը ՀՀԿ-ին մեղադրում էր վարչական ռեսուրսի գործադրմամբ՝ ընդդիմադիրներին ճնշելու մեջ: Այս առումով էլ սակայն ՔՊ-ն հետ չի մնացել իշխանություններից: Ամենաթարմ դեպքերից մեկը եղել է այս տարվա ամռանը, երբ Լոռու մարզի Ջրային ոռոգումների բաժնի փոխտնօրեն Մասիս Շիրոյանը աշխատանքային ժամին ոչ թե Սպիտակում էր, այլ մասնակցում էր Երևանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ակցիաներին:

Իսկ ընդամենը օրեր առաջ Արարատի արդեն նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմը մարզպետարանի դիմաց սադրում և հարձակվում էր խաղաղ ցուցարարների վրա՝ մինչդեռ ընդամենը 2.5 տարի առաջ Նոր Կյանքի գյուղապետ Սարգսյանն ինքն էր վերը նշված գործողություններում մեղադրում ՀՀԿ-ին:

Թերևս, ՔՊ-ի նման «ՀՀԿ-ականացումը» ունի իր բացատրությունը և այդ բացատրությունը իշխանության ղեկին լինելն է, իշխանական ռեսուրսներից օգտվելը, քանի որ գաղտնիք չէ՝ իշխանությունը քաղցր բան է: Սակայն մեկ տարբերություն` այնուամենայնիվ, ՀՀԿ ու ՔՊ միջև կարելի է գտնել, դա ՀՀԿ գաղափարական միասնությունն էր, որը բոլոր հակասությունների ֆոնին, այնուամենայնիվ, առկա էր, ինչը չենք կարող ասել ՔՊ-ի մասին, քանի որ այս քաղաքական ուժը այդպես էլ չձևավորեց գաղափարական հենք և դա, ինչպես տեսնում ենք, ստեղծում է մի իրավիճակ, երբ կուսակցության ներկայացուցիչները առաջին պլանում են դնում սեփական ամբիցիաների բավարարումը…