Շուրջ 80 հասարակական կազմակերպություն միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
«78 հասարակական կազմակերպությունով պահանջում ենք կառավարության հրաժարականը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բանակը չի պարտվել, պարտվել է Նիկոլ Փաշինյանը՝ գերագույն գլխավոր դասալիքը։ Մենք ունենք 14.000 վիրավոր։ Ո՞վ էր քեզ էս իրավունքը տվել, որ մայրերին «բալա» կանչելով թողեցիր։ Սկուտեղի վրա մեր երեխեքին տարան մսաղացի, վերջում 5 մլրդ․ դիմաց վաճառեցին մեր հայրենիքը»,- ասաց Խաչատրյանը։
Ըստ Մարգարիտա Խաչատրյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է անհամապաղ հրաժարական տա։ ․
«Մի ոտք շուտ հրաժարական տուր, մի քանդիր մնացած մայրերի օջախները, երկիրը փրկության կարիք ունի։ Մի ձեռքով ելակ տվեցիր, մյուս ձեռքով՝ դագաղ։ Ելակ չտայիր, զենք տայիր։ Ես չէի ուզում, որ իմ կողքին սևազգեստ մայրերի քանակ ավելանար։ Փրկեք մեր երկիրը կործանումից, տեր կանգնեք ձեր հող ու ջրին։ Դասալիքը չէր կարող գերագույն գլխավոր հրամանատար լինել»,- ասաց նա։
«Ինձ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը հայտարարեց, որ թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանը մտնի «Եռաբլուր»։
«Մենք քեզ արգելելու ենք «Եռաբլուր» մտնել։ Շրջափակելու ենք «Եռաբլուրը», որ ոտք չդնես այնտեղ։ Դու իրավունք չունես «Եռաբլուր» մտնել։ Մենք քեզ արգելելու ենք, քո տեղն Ադրբեջանում է։ Հուսանք, որ «Եռաբլուր» չես մտնի, հրահրում չես ստեղծի։ Դու ի՞նչ երեսով ես «Եռաբլուր» մտնում, դու նույնիսկ Հայաստանի մեջ տեղ չունես։ Քո ձեռքներն արյամբ են շաղախված, «Եռաբլուրը» սրբավայր է»,- նշեց Սաթիկ Խլղաթյանը։