Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ իր երկրի կառավարությունը պետք է հրաժարական տա կաշառակերության շուրջ սկանդալի բացահայտումից հետո. հայտնում է Reuters-ը:

Նախագահ Զեմանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե անհրաժեշտ է արդյոք կառավարության հրաժարականը, պատասխանել է. «Առաջ քաշված մեղադրանքները, ըստ իս, շատ լուրջ են, և ոստիկանության ու գլխավոր դատախազի եզրակացություններից հետո, ես կարծում եմ, որ այդ մեղադրանքները հիմնավորված են անհերքելի փաստերով»:

Նշենք, որ Չեխիայի դատախազությունը պետական հաստատություններում անցկացրած խուզարկության արդյունքում մեղադրանք էր ներկայացրել կառավարության 7 անդամի, որոնց թվում' վարչապետի աշխատակազմի ղեկավար Յանա Նագիովային և հետախուզական վարչության 2 աշխատակցի: Ամեն դեպքում, վարչապետ Պյոտր Նեչասը հայտարարել է, որ իր հրաժարականի հարցը չի դիտարկվում, քանի որ ինքը մեղքի բաժին չունի իր դեմ ներկայացրած մեղադրանքների մեջ: