Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արմավիրի մարզի բնակիչների կեղծ օղու թունավորման գործով մեղադրվող Աշոտ Հովսեփյանը երեկ ազատ է արձակվել 2 միլիոն դրամի դիմաց։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Աշոտ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գևորգյանը՝ նշելով, որ այս գործով այլ կալանավորված չկա:
Նա վստահեցրեց՝ ո՛չ իր պաշտպանյալը, ո՛չ էլ նրան վաճառողը չեն իմացել, որ սպիրտը թունավոր է․ «Վաճառողն էլ չի իմացել, որ մեթիլ է։ Մեզ հասած տեղեկություններով՝ ներմուծողը չի հայտնաբերվել, ով սպիրտը վաճառել է Ավետիք Վարդանյանին, որը վաճառել է ջանֆիդայեցի Արշակին, վերջինս էլ իր հերթին վաճառել է պաշտպանյալիս՝ Աշոտ Հովսեփյանին։ Այս շղթայից այն կողմ, այսինքն՝ երրորդ անձից հետո տեղեկություն չունեմ»,- նշեց փաստաբանը։
Թե ինչպես ստացվեց, որ Աշոտ Հովսեփյանի ազատ արձակման դիմաց գրավ կիրառվեց, պաշտպանը պարզաբանեց․ «Խափանման միջոց կալանավորում ընտրելիս՝ դատարանը գտել էր, որ հիմքերից միայն մեկն էր առկա․ այն, որ ազատ արձակվելիս, գտնվելով ազատության մեջ՝ կխոչընդոտի քննությանը՝ ազդելով տուժողների ու վկաների վրա։ Փաստացի գործով վկա որպես այդպիսին հայտնի չէ, տուժողներն ու տուժողների իրավահաջորդներն են, իսկ քանի որ այդ ցանկը ինձ մոտ կար և օրենսդրական փոփոխությունից հետո դատարանի լիազորությունը չէ գրավ կիրառելը, բացառիկ դեպքերում է հնարավոր, երբ կա նոր ի հայտ եկած հանգամանք և այդ պարագայում կարելի է կիրառելի համարել գրավի կիրառումը։ Ես մասնավոր հարցման ենթարկեցի տուժողներին ու նրանց իրավահաջորդներին՝ 17 հոգու, այսինքն՝ մի փոքր առաջ անցա քննչականից։ Նոր ի հայտ եկած հանգամանք էր վերջիններիս հարցաքննության ենթարկելը, որի ընթացքում պարզվեց, որ 4 անձ առհասարակ չի էլ տուժել, բայց իրենց անունը քրեական գործում ներկայացվել է որպես տուժող։ Սա դարձավ նոր ի հայտ եկած հանգամանք, մանավանդ, որ բոլոր հարցաքննվածներն էլ չառարկեցին և անգամ դատարանին խնդրեցին ազատ արձակել Աշոտ Հովսեփյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց վրա որևէ մեկը որևէ կերպ չի կարող ազդել։ Նոր ի հայտ եկած հանգամանք դիտվեց հարցաքննության արձանագրությունները ու նաև 4 անձի հայտնվելը, որոնք առհասարակ տուժող չեն, այդ հիմքով դատարանը թույլատրելի ճանաչեց գրավի դիմաց ազատ արձակումը՝ գրավի գումար սահմանելով 2 միլիոն դրամը»,- ասաց փաստաբան Գոռ Գևորգյանը։
Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սկսած, Արմավիրի մարզում զանգվածային թունավորման դեպքեր գրանցվեցին: Քննչական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ մարզի բոլոր բնակիչները թունավորվել են իրենց համաքաղաքացի Աշոտ Հովսեփյանից գնած օղուց, որի մեջ փորձաքննությամբ հաստատվել է մեթիլ սպիրտի թույլատրելի չափաբաժինը բազմակի անգամ գերազանցող առկայություն:
Հարուցված քրեական գործի շրջանակում Հովսեփյանից բացի մեղադրանք է առաջադրվել ևս 2 քաղաքացու՝ Արշակ Արշակյանին ու Ավետիք Վարդանյանին. նրանք մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 38-207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի պատրաստելուն օժանդակելու համար: Սեպտեմբերի 9-ին դատարանը Հովսեփյանին կալանավորելու որոշում էր կայացրել։
Սոնա Հարությունյան