Սեպտեմբերի 13-ին, «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Զաքարյանի պաշտպան Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ իրենք խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն էին ներկայացրել՝ գրավի չափը թողնելով դատարանի որոշմանը, վերջինս էլ գրավի չափը կիրառել է 20 միլիոն դրամը:
Փաստաբանը նշեց, որ գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է և իրենք առաջիկայում կարևոր նշանակություն ունեցող ցուցմունքներ կտան, փաստաթղթեր կներկայացնենք և կապացուցենք, որ գործն ընդհանրապես քրեական չէ:
«Գործը ոչ թե քրեական է, այլ քաղաքացիաիրավական և, այդ առումով, իմ պաշտպանյալը շատ կարևոր, առանցքային ցուցմունքներ կտա, նաև փաստաթղթեր կներկայացնենք: Հույս ունեմ, որ նախաքննական մարմինը օբյեկտիվ քննություն կիրականացնի, քաղաքացիաիրավական հարաբերություններին գնահատական կտա և քրեական գործին վերջ կտրվի»,- ընդգծեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին դատարանը բավարարել էր «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադրի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Ալեքսան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: