Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, «Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը և գրավի դիմաց ազատ արձակել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Լիանա Կարապետյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանը:
«Դատարանը որոշում է կայացրել Լիանա Կարապետյանի ձերբակալման որոշումը ճանաչել ոչ իրավաչափ և քննարկելով խափանման միջոցի հարցը' թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը, որի համար սահմանվել է 3 մլն դրամ»,- ասաց Խաչատրյանը:
Փաստաբանը նշեց՝ երբ գրավի գումարը վճարվի, Կարապետյանն ազատ կարձակվի:
Հիշեցնենք' Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով' երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
Ավելի վաղ՝ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «ՀԿԳ գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: