Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը երեկ կեսգիշերին տեսաուղերձով կամավորականներին կոչ էր արել այսօր՝ դեկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ «գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար»։
Գյուղապետը նշել էր, որ Հայաստանի ՊՆ-ն ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից, և իրենք մնացել են ինքնապաշտպանական ջոկատների հույսին:
Ավելի վաղ հայտարարել էին, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17-ից, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն։ Դրանք այն տարածքներն են, որոնք Խորհրդային Միության քարտեզներով Ադրբեջանի մաս են կազմել և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով փաստացի պետք է փոխանցվեն Ադրբեջանին: Դա վերաբերում է ոչ միայն մարտական դիրքերին, այլև որոշ ճանապարհների և նույնիսկ բնակելի թաղամասի:
Գյուղապետը հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք գյուղի ներքևի թաղը, ինչպես նաև Գորիս-Կապան մայրուղուց մի հատվածը, որը Շուռնուխ գյուղի մեջտեղով է անցնում, նույնպես փոխանցվելու են Ադրբեջանին։
Fip.am-ի հետ զրույցում Հակոբ Արշակյանը նշեց, որ այսօր իրենք հանդիպել են նաև ռուսական կողմի հետ և համաձայնության եկել, որ ինչպես գյուղը, այնպես էլ ճանապարհը կմնան հայկական վերահսկողության տակ։
«Ռուսական կողմից ևս տեղեկացված էին, որ հավաքվել ենք և կասեցնելու ենք, անհանգստացած էին, որ հնարավոր է սադրանքներ լինեն, լարվածություն առաջանա։ Հայկական կողմի հետ միասին եկան, պայմանավորվեցինք, որ գյուղն ամբողջությամբ կմնա հայկական վերահսկողության տակ, իսկ ճանապարհը չի կիսվի։ Ամեն դեպքում քթներիս՝ տակ 100 մետր հեռավորության վրա կգան կնստեն»,- ասաց նա։
Համայնքի ղեկավարը նշեց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք արդեն ադրբեջանական կողմը եկել է, թե՞ ոչ. «Հավանաբար վաղվանից կգան, թեև հիմա մառախուղ է, և եթե եկած էլ լինեն, չեն երևա»։
Արշակյանը նաև նշեց, որ սահմանային պաշտպանական դիրքեր՝ որպես այդպիսին, չեն լինի, ուղղակի պարեկային ծառայություն կիրականացվի՝ հայկական կողմից՝ հայ պարեկները, ադրբեջանական կողմից՝ ադրբեջանական, իսկ ռուս խաղաղապահները ճանապարհին կկանգնեն։
«Ճանապարհի տակից մերը կլինի, վերևից՝ իրենցը, իսկ սահմանը գյուղի տակով կանցնի»,- ասաց նա։