Եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ձեռքը չեմ սեղմել անձնական պատճառով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգև Զեյնալյանը, որը եկեղեցի այցելած վարչապետի ձեռքն օդում էր թողել՝ ի պատասխան նրա բարևի։
«Ես Նիկոլ Փաշինյանին եկեղեցուց դուրս չեմ հրավիրել, ինքը դուրս էր գալիս. ես իրեն անձնական բան եմ ասել, որն իրեն էր վերաբերում, նա ինձ շատ հանգիստ արձագանքեց»,- ասաց Տեր Հայրը՝ նկատի ունենալով, որ վերաբերմունքը պայմանավորված է վերջին օրերին Սյունիքում տեղի ունեցող սահմանազատման գործընթացներով։
Հարցին, թե ի՞նչ է փոխանցել Փաշինյանին նրա մոտենալու պահին, Տեր Պարգև Զեյնալյանը չցանկացավ փակագծերը բացել, միայն նշեց, որ իր խոսքի իմաստը եղել է այն, որ նա սպասի Աստծո դատաստանին։
Փաշինյանի աջակիցներին վրդովեցրել է Սիսիանի հոգևոր հովիվի պահվածքը և նրանք շտապել էին եկեղեցի՝ հաշիվներ պարզելու։ Տեր Պարգև Զեյնալյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հանդիպել է նրանց, թե ոչ․ «Ոչ, չեմ հանդիպել, քանի որ եկեղեցում չեմ»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Փաշինյանի Սյունիք այցելելուն դեմ լինելուն՝ Տեր Պարգևն ասաց, որ ամբողջ Սյունիքն է դեմ եղել, որ նա այցելի:
Նշենք՝ ոչ հոգևոր հովիվի վերաբերմունքը տարակարծության և քննադատությունների տեղիք է տվել․ մի մասն արդարացնում է Տեր Պարգև Զեյնալյանի պահվածքը, մյուս մասն էլ նշում, որ նա չպետք է տարբերակի եկեղեցի այցելած անձին։
Սոնա Հարությունյան