ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«2 տարեկան փոքրիկն արդեն լավ է զգում իրեն…Առողջություն աշխարհի բոլոր մանուկներին:
«Մուրացան» համալսարանական մասնագետները հերթական եզակի վիրահատությունն են կատարել։
Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա դիմած 2 տարեկան փոքրիկի մոտ գոյացության չափերը վերջին մեկ ամսվա ընթացքում հասնում էին 5×4սմ–ի:

Կատարված վիրահատությամբ հեռացվել է գոյացությունն ամբողջությամբ՝ առանց որևէ բարդությունների: Կատարված միջամտությունն իր տեսակի մեջ եզակի էր՝ հաշվի առնելով գոյացության չափերը:

Հարկ է նշել, որ երեխայի մոտ գոյացությունն ունենալով արագ աճ բերում էր լուրջ էսթետիկ և ֆունկցիոնալ խանգարումների:

Համալսարանական մասնագետները ծնողներին ևս մեկ անգամ հորդորում են նման դեպքերում չզբաղվել ինքնաբուժությամբ և չընդունել հակաբիոտիկներ, անհապաղ դիմել դիմածնոտային վիրաբույժի՝ մասնագիտական խորհրդատվություն կատարելու համար»: