Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը: Տեղեկությունը հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը։
«Մեր թիմը կսկսի օգնության բաշխումը, երբ այն ժամանի «Ազնավուր» կենտրոն (բաշխումն իրականացվում է արցախցի տուժած ընտանիքների հետ աշխատող կազմակերպությունների միջոցով)։ Ցանկանում ենք նաև ընդգծել, որ այս ինքնաթիռի հատկացման գործընթացը նախաձեռնել են Յուրի և Դենի Ջորկաեֆները, իսկ հատուկ չվերթը դարձյալ կազմակերպել է Ֆրանսիայի կառավարությունը: Յուրի Ջորկաեֆն այս անգամ ևս անձամբ ժամանել է Հայաստան՝ մի խումբ ֆրանսիացի բժիշկների հետ շարունակելու մարդասիրական առաքելությունը և աջակցելու արցախյան պատերազմից տուժածներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Ազնավուր» հիմնադրամը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներգրավված բոլոր կազմակերպություններին, կողմերին և անհատներին, որոնք մասնակցել են այն հավաքագրելու և տեղափոխելու գործընթացին: