Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այդ մասին հայտնում է նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը:

 

«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը այսօր իր «Requiem 7. Քաղաքականություն» վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է նախարար Սուրեն Պապիկյանին՝ նշելով, թե իբր նախարարի վրա քրեական գործ է հարուցված՝ ինչ-որ անհայտ գործարքից 450 մլն դրամ փող վերցնելու կապակցությամբ:

Հայտնում եմ, որ նախարար Պապիկյանը Միքայել Մինասյանի կողմից սուտ մատնության համար դիմելու է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Միաժամանակ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ գլխավոր դատախազությունը հերքել է հիշատակվող պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախարար Պապիկյանի նկատմամբ քրեական գործի առկայությունը»:

Նշենք, որ Միքայել Մինասյանը հայտնել էր, որ քրեական գործ կա հարուցված Սուրեն Պապիկյանի դեմ ասֆալտային տենդերում ատկատների համար: