Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրի վավերացմանը: Հարցը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
«Պայմանագրով նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որը նպատակ ունի կարգավորել ԵԱՏՄ ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները»,- ասաց Սիմոնյանը:
Պայմանագրի գործողության մեջ մտնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան հարկ եղած դեպքերում մեկ հայտ ներկայացնելու միջոցով իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումը ԵԱՏՄ տարածքում հատկապես այն ապրանքների համար, որոնք նախատեսված են ԵԱՏՄ տարածքում քաղաքացիական շրջանառության մեջ դնելու համար: Դա հնարավորություն կտա նրանց օգտվել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումներն իրավական առումով հավասարեցված են ազգային գրանցումներին: