Բանակցային սեղանին անձի փոփոխություն է անհրաժեշտ և քանի դեռ փոփոխություն չկա, գերիների վերադարձի խնդրով զբաղվում է այս իշխանությունը, հարցը գնալու է փակուղի: Որքան թվացյալ ակտիվ են նրանք զբաղվում գործով, այնքան բարդությունները մեծանում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով երեկ Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում ռազմագերիների վերադարձի խնդիրը չլուծելու մասին։
Uաhակյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուալցիոն ակտից հետո հասարակության և անգամ ՄԻԵԴ-ի պատկերացումներն ու պատասխանատվություն այլ էր խնդրի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը ցույց է տալիս, որ խնդրի լուծման քաղաքական ձևաչափը գործում է: «Եթե չգործեր, ապա հայկական կողմը սեղմ ժամկետներում իր քաղաքացիներին անօթևան չէր թողնի, տարածքներ չէր զիջի և նոր փոխզիջումների չէր գնա, եթե գնում է, ուրեմն մեխանիզմ աշխատում է, եթե աշխատում է այդ բարդ խնդիրներում, ապա պետք է աշխատի նաև մարդասիրական խնդիրներում. միջազգային հանրության ընկալումն այսպիսին է»:
Ըստ իրավապաշտպանի՝ այս իշխանության թույլ տված հաջորդ սկզբունքային սխալը խնդիրի լուծումը բանակցային սեղանի շուրջ համաձայնեցնելն է, սակայն գերիների վերադարձը պարտավորություն է, որը սահմանված է միջազգային փաստաթղթերով, կոնվենցիոնալ դրույթներով, և այն պետությունները, որոնք չեն կատարում պարտավորությունը, համարվում են Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում թույլ տված պետություններ և դա որակվում է որպես պատերազմական հանցագործություն:
Իրավապաշտպանը ներկայացրեց, որ իրենց կողմից ամփոփած տվյալներով՝ Ադրբեջանում կան 120-ից ավելի հայ գերիներ, և այդ դեպքերի առնչությամբ կան անհերքելի ապացույցներ: «Այս պահին դեռ 120-ից ավել անձ որպես գերի և ռազմագերի պետք է հայրենադարձվեն, թիվը չի ներառում արդեն իսկ վերադարձած 58 անձանց: Կարող եմ ասել, որ նրանք միջազգայնորեն պետք է համարվեն գերիներ կամ ռազմագերիներ, սակայն Ադրբեջանը արհեստականորեն զրկում է կարգավիճակից, փոխակերպում է անում, իսկ նպատակն իրենց կողմից կատարված չհիմնավորված ձգձգումները հանցագործություն չդիտարկելն է, որպեսզի ինքնամաքրվի հանցագործությունից, պետք է արհեստական նոր հիմք ստեղծի անձանց պահելու համար և դրա կարճ ճանապարհը գերիներին հանցագործ ներկայացնելն է»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում