Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, կարծես թե, ցանկանում են թարմացնել պատերազմի ընթացքում տարածած ստերի իրենց իսկ ռեկորդները: Գրեթե յուրաքանչյուր օր հանրությունը ստիպված է լինում ունկնդրել Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը կամ երբեմն ավելի վատ՝ ինքնահերքումները: ՀՀ վարչապետին հերքում են և իր սեփական երկրի ԱԳՆ-ն, և դաշնակից երկրի ՊՆ-ն ու ԱԳՆ-ն, Մինսկի խմբի նախկին համանախագահները. սա խոսում է այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Փաշինյանի ստի հռետորաբանությունը կտրուկ աճել է, պատճառն էլ հասկանալի է՝ ամեն գնով իշխանությունը պահպանելը:
Դիցուք՝ պատերազմի օրերին վարչապետը հայտարարում էր՝ տասնյակ հազարավոր կամավորներ են ցուցակագրվել ռազմաճակատ մեկնելու համար: Նա դա ողջունում էր: Պատերազմից հետո սկսեց խոսել մոբիլիզացիոն խնդիրների մասին, այն մասին, որ փաստացի չեն գնացել, չեն կռվել և դա է նաև պարտության պատճառներից մեկը: Այսինքն` վարչապետը հերքեց ինքն իրեն, քանի որ շտապ պետք էր պարտության մեղավորներ գտնել:
Փաշինյանը պնդում է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու առավել ընդունելի տարբերակ չի եղել, բոլոր առաջարկները ենթադրում էին 7 շրջանների հանձնում ներառյալ Շուշին: Մինչդեռ, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, թե ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել են այն մասին, որ պատերազմի առաջին իսկ օրերից եղել են սեղանին դրված՝ պատերազմը դադարեցնելու առավել նպաստավոր պայմաններ, որոնց Փաշինյանը, ըստ էության, չի համաձայնել ստորագրել և գնացել է ավելի մեծ կորուստների և տարածքային զիջումների:
Պատերազմի ընթացքում Փաշինյանը հայտարարում էր, որ բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, տեղյակ են ընթացիկ իրավիճակից, ծանոթ են ստեղծված դրությանը: Ինչպես հետագայում պարզվեց՝ անգամ սեփական թիմակիցները տեղյակ չեն եղել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունից:
Փաշինյանը նենգափոխել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը։ Շուշիի վերաբերյալ իր և Պուտինի քննարկման մասին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է եւ ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը»։
Ստացվում է` ըստ Փաշինյանի` Ռուսաստանի նման գերտերության ղեկավարը տեղյակ չէ մի կոնֆլիկտի նրբություններից, որի կարգավորման միջնորդն է հանդիսանում։ Պուտինի դեպքում, հատկապես, տրամաբանական չէ սա, քանի որ նա առնվազն 20 տարի անձմաբ է զբաղվում Արցախի խնդրով ու դժվար է պատկերացնել, որ նա կարող է որոշ նրբություններ լսել մարդուց, ով բանակցությունների պատմությանը տեղեկանում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Հիշեցնենք, որ վարչապետ դառնալուց ամիսներ հետո Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունների պատմությանը ծանոթանում է Ալիևի միջոցով։
Եթե այս ամենին գումարեն այն, որ նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահն արդեն իսկ խոսել է իր և Փաշինյանի Շուշիին առնչվող քննարկման մասին, ապա լիարժեք ակնառու է դառնում, որ Փաշինյանը կրկին ստում է։ Իսկ Պուտինն այդ քննարկման մասին ասել էր․ «Հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցներ էի ունեցել Ալիևի ու Փաշինյանի հետ, այն ժամանակ Ադրբեջանը վերահսկողության տակ էր վերցրել Ղարաբաղի հարավային աննշան հատվածը։ Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Իհարկե, ես չհասկացա՝ ինչ պատճառով նա այդպես ասաց, բայց չէ՞ որ քաղաքացիներ էին գալու և ոչ թե զինվորականներ»։
Շուշի քաղաքի վերաբերյալ Փաշինյանի կեղծ պնդումները սրանով սակայն չեն սահմանափակվում: Հիշեցնենք, որ պատերազմից հետո վարչապետը պնդում էր, որ Շուշին հանձնելու կետը եղել է բանակցությունների ողջ ընթացքում: Սկզբում Փաշինյանին հերքեց ԱԳՆ-ն` հայտարարելով, որ բանակցային և ոչ մի փուլում Շուշի քաղաքի հարցը չի քննարկվել: Այնուհետև Փաշինյանին մեկ անգամ ևս անհարմար դրության մեջ դրեց ՌԴ նախագահ Պուտինը` հայտարարելով, որ Շուշին հանձնելու պայմանը նախկինում երբեք բանակցային սեղանին չի եղել:
Պատերազմից հետո տված իր հարցազրույցներից մեկում Փաշինյանը շարունակեց մանիպուլացնել հանրային կարծիքը` հայտարարելով, որ 2011թ․-ին Սերժ Սարգսյանի օրոք բանակցված կազանյան փաստաթղթով 7 շրջանները պետք է հանձնվեին։ Մինչդեռ այդ նախագծով նախապատրաստված էր կարգավորման փաթեթային տարբերակ՝ 5 շրջանների փոխանցելու դիմաց տրվում էր Արցախի միջանկյալ կարգավիճակ՝ դե ֆակտո կարգավիճակից ավելի բարձր մակարդակով։ Ոչնչով չսահմանափակված օրակարգով հանրաքվեից եւ Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո վերադարձվում էր Քելբաջարի շրջանը եւ Լաչինի մի մասը, քանզի նախատեսված էր Հայաստանի եւ Արցախի միջեւ ոչ թե 5 կիլոմետրանոց միջանցքի, այլ շատ ավելի լայն, նույնն է թե ցամաքային սահմանի առկայություն։ Փաշինյանը անգամ պատերազմից հետո չի դադարում մեղքերը բարդել նախկինների վրա:
Պատերազմից հետո Փաշինյանը գրառում էր արել, որում հայտնում էր՝ Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախկին նախագահներին խնդրել է, որ Նիկոլ Փաշինյանին խնդրեն, որ Պուտինը հանդիպի Քոչարյանի հետ։ Այս սուտը հերքեց հենց ռուսական կողմը, ընդ որում արեց դա բավական կրեատիվ ձևով՝ չեղարկվեց Փաշինյանի ՌԴ կայանալիք այցը, ինչով հստակ մեսիջ հղվեց, որ Փաշինյանը ի զորու չէ խնդրվել անգամ ինքն իր համար: Այս սուտը թերևս պայմանավորված է՝ Փաշինյանի անչափ ցածր ինքնագնատահականը սեփական և թիմակիցների աչքերում բարձրացնելու ցանկությամբ:
Պատերազմից հետո իր ուղիղ եթերներից մեկում Փաշինյանը հայտարարեց, որ ինքը զինված ուժերին միայն մեկ հրաման է տվել և այդ հրամանի շնորհիվ է, որ փրկվել են շրջափակման մեջ մնացած զինվորների կյանքերը: Այս հայտարարությունից հետո ընդամենը օրեր անց իր հարցազրույցներից մեկում Փաշինյանը, ասես ոչինչ չի եղել, հայտարարում է, որ զինված ուժերին երբեք մարտական գործողության հրահանգ չի տվել: Դատողությունները թողնում ենք ձեզ…
Նիկոլ Փաշինյանը առանց աչքը թարթելու հերքեց նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության մեջ տեղ գտած պնդումները: Մասնավորապես, որ Փաշինյանին դեռ պատերազմի չորորդ օրն է զեկուցվել, որ մարտական գործողությունները պետք է օր առաջ դադարեցնել, քանի որ կորուստները հակառակ դեպքում կարող են անդառնալի լինել: Վստահ ենք, որ ԳՇ պետը իր ձեռքի տակ ունի այն զեկուցագիրը, որը ներկայացրել է ԱԽ նիստում պատերազմի առաջին օրերին, սակայն Փաշինյանն, ամեն դեպքում, հայտարարում է, որ ինքը ոչինչ չգիտեր` շարունակելով ստի իր երկարամյա պրակտիկան:
Շաբաթներ առաջ Փաշինյանը հայտնեց ստի հերթական դոզան՝ հայտարարելով, որ իր ունեցած տեղեկություններով Շուշիի հատվածում շրջափակման մեջ են հայտնվել նաև ռուս խաղաղապահները: ՌԴ ՊՆ-ն անմիջապես հերքեց Փաշինյանի ունեցած տեղեկությունները` հերթական անգամ ՀՀ վարչապետին դնելով անհարմար դրության մեջ: Մյուս կողմից էլ` Փաշինյանի նման հայտարարությունները ռուսական կողմին ուղղված կարող են լրջորեն հարվածել ՀՀ անվտանգային միջավայրին, որի գլխավոր երաշխավորը այսօր հենց ՌԴ-ն է: Փաշինյանը, իհարկե, դա չի կարող չգիտակցել, հետևաբար իր հայտարարությունները այլ բան, քան պարզ արկածախնդրություն դիտարկել հնարավոր չէ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածը, որտեղ Փաշինյանը նշել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ու վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն։ ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված՝ Պոպովի մեկնաբանության մեջ նշվում է, որ ռուսաստանյան առաջարկներ ասելով, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորումը, որի վերջին խմբագրված տարբերակը կողմերին է ներկայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2019-ի հունիսին։ Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քելբաջարի ու Լաչինի շրջանները Ադրբեջանին վերադարձնելը։ Պոպովը նշում է, որ թե հայկական, թե ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, չնայած լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց գլխավորը՝ բանակցություններն ընթացել են կանոնավոր մինչև 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց։
Փաշինյանը ստում էր նաև օրեր առաջ Մոսկվայում եռակողմ հանդիպմանն ընդառաջ, երբ պնդում էր, որ որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, իսկ առաջնային լինելու են գերիների վերադարձի հետ կապված հարցերը: Այս ստի նպատակն էլ հանրությանը գոնե ժամանակավորապես հանգստացնելն էր:
Ավելորդ է անգամ նշել, որ Փաշինյանի այս պահվածքը անմիջական հարված է Հայաստանի միջազգային վարկանիշին և լրջորեն վնասում է դաշնակիցների հետ մեր հարաբերություններին: Հայաստանին ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է այնպիսի ղեկավար, ով հեղինակություն կվայելի ինչպես երկրի ներսում, այնպես էլ գործընկերների շրջանակներում, այլ ոչ թե՝ պաթոլոգիկ սուտասան, ում հետ որևէ մեկն աշխատել չի ցանկանում...