Գազի գնի բարձրացման հետ կապված հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է տնտեսագետ Արտակ Դավթյանի հետ: Հարցազրույցի ժամանակ տնտեսագետը նկատել է, որ գազի գնի բարձրացումը երկու կոմպոնենտից է ձևավորվում ՝ մի մասը Ռուսաստանն է թանկացնում, որն ինչ-որ տեղ կարելի է հասկանալ ու ընկալել, իսկ այն մասը, որը վերաբերում է Հայաստանին՝ «ՀայՌուսգազարդին», ապա սա ընդհանրապես անթույլատրելի ու անհասկանալի երևույթ է:
«Որպես կանոն' գազի գնի բարձրացումը միտված է այն աշխատավարձերի, այն ճոխությունների արդարացմանը, որ թույլ են տալիս «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները»,- ընդգծել է պարոն Դավթյանը:
ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե քանի՞ տոկոսով կբարձրանա գազի գինը, պարոն Դավթյանը պատասխանել է'դժբախտությունը որքանով տանելի կլինի: Ըստ տնտեսագետի՝ որքանով էլ բարձրանա գազի գինը, միևնույն է, Հայաստանի համար դա միանշանակ դժբախտություն կլինի: Սակայն պարոն Դավթյանն ընդգծել է, որ հայաստանյան իշխանություններն իրենց դեմքը փրկելու համար գազի գինը 30-40 տոկոսով կբարձրացնեն, ինչն էլ կհանգեցնի որոշակի ապրանքների' մինչև կրկնակի թանկացմանը: Մասնավորապես կգրանցվի էլեկտրաէներգիայի, տրանսպորտային ծառայությունների թանկացում, ընդհանուր առմամբ' ապրանքների մեծամասնությունը տարբեր չափերով կթանկանա, կլինեն նաև առանձին ապրանքներ, որոնց արժեքներն անփոփոխ կմնան:
Այն հարցին, թե կարելի է արդյո՞ք գազի գնի բարձրացման մեջ Ռուսաստանի կողմից հայաստանյան իշխանություններին ուղղված քաղաքական ենթատեքստ տեսնել, մեր զրուցակիցն պատասխանել է.
«Եթե Մաքսային միության անդամակցությունը դիտարկենք որպես քաղաքական ակցիա, ապա' այո՛: Որովհետև, ի վերջո, ակնհայտ է նաև, որ այս քայլը կդրդի մեր իշխանավորներին համաձայնել Մաքսային միության անդամակցությանը»:
Պարոն Դավթյանը նաև նշել է, որ գազի գնի բարձրացումը կհանգեցնի աղքատության'35 տոկոսից մինչև 45 տոկոսի բարձրացմանը:
Տաթև Ֆռանգյան