Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն:

Այս մասին հայտնեց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Դիերն անճանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու համար»,- ասաց նա:

Հունան Թադևոսյանի խոսքով' ԱԻՆ օպերատիվ շտաբը շարունակում է հավաքել տեղեկություններ:

«Մատաղիս-Ֆիզուլի հատվածում և Քաշաթաղի շրջանում այսօր ևս կիրականացվեն որոնողական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ծնողներ, կամավորներ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին: