Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի բոթը լսելուն պես հայրենիքի պաշտպանությանը եկան ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչներ։ Պատերազմի օրերին շատ էին անգամ երիտասարդ աղջիկների և կանանց կամավորագրումը։ Ամեն մեկը փորձում էր իր օգուտը ունենալ հայրենիքի պաշտպանության գործում։
Սեպտեմբերի 27-ին իրեն վստահված դիրքն էր պաշտպանում նաև զինվորական Իրինա Լավրենտի Մուսայելյանը։ Իրինան ծնվել է 1979 թ. փետրվարի 10-ին Արցախում՝ Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղում․ «Քույրս ամուսնացած էր, տարիներ առաջ մահացավ նրա ամուսինը։ Իրինան ունի 23 տարեկան մեկ տղա, որը ամուսնացած է և ունի երկու երեխա, իսկ երրորդը շուտով կծնվի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց անհետ կորած Իրինայի քույրը՝ Քրիստինե Աբրահամյանը։
Իրինան ազատ ժամանակ սիրում էր համեղ խմորեղեններ պատրաստել, սիրում էր նաև գործել շյուղով․ «Քույրս շատ բարի է, հոգատար, կյանքը սիրող, ժպտերես․ երբեք ցույց չի տվել իր ներսի ցավը։ Իրինան շատ է սիրում փոքր երեխաների, մեծ հավատ ունի դեպի Աստված, գրեթե ամեն կիրակի եկեղեցի էր գնում»,- նշեց անհետ կորածի քույրը։
Վերջինս ասաց, որ քույրը բնույթով վախեցող չի, համարձակ է ամեն տեղ և ամեն հարցում․ «Անգամ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ չի վախեցել, մենք բոլորս վախեցած էինք և անդադար լաց էինք լինում, բայց ինքը հանգիստ էր։ Այն ժամանակ դեռ 14 տարեկան էր, բայց արդեն նկատելի էր ներսի համարձակությունը»,- վերհիշեց Քրիստինեն։
Իրինան 4 տարի է, ինչ զինվորական է, շատ է սիրել իր աշխատանքը և հպարտությամբ կատարել է իրեն վստահված ցանկացած առաջադրանք․ «Բոլորի կողմից սիրված ու հարգված է, նույնն էլ ինքն է բոլորի հանդեպ։ Աշխատում էր Մարտակերտի շրջանի Դրմբոնի զորամասում» ,- պատմեց մեր զրուցակիցը։
Պատերազմի մասին լուրը լսելուն պես սեպտեմբերի 27-ին իր զինակից ընկերների հետ Իրինան արդեն Թալիշում էր․․․ «Սեպտեմբերի 27-ին մինչև ժամի չորսը խոսել ենք քրոջս հետ, սակայն դրանից հետո ու մինչ օրս որևէ կապ չենք կարողացել հաստատել նրա հետ»,- ցավով նշեց Իրինայի քույրը։