ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Այս մասին Գևորգյանն ասել է «Արմենպրեսի» հետ զրույցում՝ անդրադառնալով Խաչատրյանների ընտանիքի պահանջի վերաբերյալ կայացված վճռին:
«Ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իմ դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին: Համաձայն չլինելով որոշման հետ՝ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան՝ այն բողոքարկելու նպատակով»,- ասել է Գևորգյանը:
Հունվարի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով` Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին facebook.com սոցիալական ցանցի իր էջում տեղադրված գրառման համար:
Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Դատարանը բավարարել է պահանջը: