168.am «Արմավիա ավիաընկերություն» ՍՊԸ-ն բողոքարկել է Վարչական դատարանի վճիռը, որով ընկերությունից պետք է բռնագանձվեր 7 մլրդ 35 մլն 703 հազար 888 դրամ գումար, որն ընկերությունը 2013 թ. ապրիլի 11-ի դրությամբ պարտք էր պետական բյուջեին: Այդ պարտավորությունն առաջացել է շահութահարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի, եկամտահարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, եկամտային հարկի, պետական տուրքի գծով։ Բավականին զգալի էր նաև պետտուրքի գումարը՝ 140 մլն 714 հազար դրամ, որի հատուցման պարտականությունը, հայցի բավարարման պայմաններում, կրում է պատասխանողը:

 

ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ, ՊԵԿ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից ներկայացված հայցով վճիռը կայացրել էր անցած տարի նոյեմբերի 18-ին: Նախապես հայցագնի չափով արգելանք էր դրվել՝ ավիաընկերությանը պատկանող գույքի, իսկ դրա անհնարինության դեպքում' նաև դրամական միջոցների վրա։ Այնուհետև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում վարույթ էր հարուցվել՝ գումարն «Արմավիայից» բռնագանձելու համար:

 

Ի դեպ, պարզվում է, որ այս տարիների ընթացքում ՊԵԿ-ն «Արմավիայի» հանդեպ բավականին հանդուրժող է եղել, մասնավորապես՝ շահութահարկի գծով ընկերության պարտավորությունը սկսել է կուտակվել 2010-ից (մինչև գործունեության դադարեցումը կազմել է 527.7 մլն դրամ), ոչ ռեզիդենտի շահութահարկի գծով՝ 2008-ից (101.2 մլն դրամ), եկամտահարկի գծով՝ 2007-ից (550 մլն դրամ), իսկ պարտադիր սոց.ապահովագրության վճարի գծով պատասխանողի պարտավորությունն առաջացել է 2006-ից ի վեր (322.7 մլն դրամ), և այլն: Մինչդեռ բոլոր հակերի գծով ցանկացած ընկերություն իր պարտավորությունները պետք է կատարի մինչև հաջորդ ամսվա 20-ը:

 

Ուշագրավ է, որ «Արմավիան» ո´չ հայցադիմումին է պատասխան ներկայացրել, ո´չ էլ ներկայացուցիչ է ուղարկել դատաքննության ընթացքում: Չնայած դրան, «Արմավիան» հարկ է համարել բողոքարկել դատարանի վճիռը: Այժմ 3 հատորանոց գործը քննվելու է Վարչական վերաքննիչ դատարանում: Իսկ մինչ վճռի կայացումը, ըստ ամենայնի, ԴԱՀԿ-ում հարուցված վարույթը կկասեցվի: