Բանակը հզորացնելու համար պետք է իրավիճակը ճիշտ գնահատել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է գեներալ Մովսես Հակոբյանը։
Նա շնորհավորել է Հայոց բանակի 29-րդ տարեդարձը. «Մաղթում եմ՝ այս կարգավիճակը, որն ունի մեր բանակը, շատ արագ կարողանա դուրս գալ այդ կարգավիճակից։ Մեր բանակը պետք է նորից վերադառնա եւ հաղթական ուղի ունենա։ Մենք բոլորս պետք է աջակից լինենք մեր բանակի հզորացմանը»։
NEWS.am-ի հարցին՝ ի՞նչ պետք է անել Հայոց բանակը հզորացնելու համար, գեներալն ասել է. «Բանակը հզորացնելու համար պետք է իրավիճակը ճիշտ գնահատել։ Որեւէ ժամանակ չի խանգարում բանակը հզորացնելուն։ Կարելի է հիմա էլ սկսել»։
Անդրադառնալով քաղաքացիներին զենք տրամադրելու հայտարարություններին՝ Մովսես Հակոբյանն ասել է. «Որոշելու խնդիր է դա։ Ես դրան դեմ չեմ»։
Հարցին՝ արդյոք Հայաստանի սահմանները այսօր պաշտպանվա՞ծ են, գերենալն ասել է. «Վախենում եմ գնահատական տալ։ Ամբողջ հայությունն է այսօր վտանգված, Արցախում, սփյուռքում էլ է վտանգված։ Հայրենիք եթե չունենան, իրենց անվտանգությունը վտանգված է նաեւ սփյուռքում»։