Այս պահին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում է, պատասխանում է հանձնաժողովի անդամների հարցերին։

Ընթացքում անդրադարձ եղավ նաև պատերազմի ժամանակ Գեներալ Մովսես Հակոբյանի՝ Արցախի հրամանատարաշտաբային կենտրոնում գտնվելու հարցին։

Մասնավորապես Անդրանիկ Քոչարյանը հարցրեց, թե ո՞ւմ հրահանգով է Մովսես Հակոբյանը գտնվել այդ կենտրոնում։

Տոնոյանն էլ պատասխանեց, որ ՊԲ հրամանատարի խնդրանքով է գեներալ Հակոբյանը այնտեղ գտնվել։

Hraparak-ը զրուցել է Մովսես Հակոբյանի հետ՝ հարցնելով, թե ի վերջո ո՞ւմ հրահանգով է նա այնտեղ գտնվել։

«Իմ պաշտոնը թույլ էր տալիս գտնվել այնտեղ, որտեղ ես ցանկանում էի»,- պատասխանեց Հակոբյանը։

- Այսինքն՝ Դո՞ւք եք ցանկացել այնտեղ գտնվել։

- Այո, բայց երբ վարչապետը բոլորին ասել է դուրս եկեք, ՊԲ հրամանատարը խնդրել է, որ ես մնամ իր մոտ ։

- Դուք այնտեղ խորհրդատվության համա՞ր էիք գնացել, թե՞ հրամանատարական լիազորություններ ունեիք։

- Ոչ նա, ոչ էլ նա։ Ես հրաման տալու իրավասություն չունեի, իսկ եթե անհրաժեշտ են գտել, որևէ բան հարցնել, հարցրել են։

- Պարոն գեներալ, նաև այն հարցին անդրադարձ եղավ, թե՞ կայի՞ն մարդիկ, որոնք հրամանատարական կետում գտնվելու իրավունք չունեին։ Տոնոյանն ասաց, որ այդ մարդիկ որոշումների վրա ազդեցություն չեն ունեցել։ Դա Աննա Հակոբյանի՞ն է վերաբերվում։

- Ես չգիտեմ։

- Իսկ նա, ըստ Ձեզ, որոշումների վրա ազդեցություն ունե՞ր։

- Ոչ։

- Նաև անդրադարձ եղավ Սու30-ների գնմանը։ Տոնոյանն ասաց, որ այդ ի՞նչ սպառազինություն և ռազմական տեխնիկա պիտի գնվե՞ր, որ Սու 30-նների գնումը չարդարացված է։ Ի՞նչ էր նախատեսվում գնել այդ ինքնաթիռների փողով։

- Ես չեմ կարող Դավիթ Տոնոյանին մեկնաբանել, իմ արժանապատվությունից ցածր է մեկնաբանել մարդու, ով բանակից շատ հեռու է։

- Ուրեմն իմ հարցը մեկնաբանեք, ի՞նչ պիտի գնվեր այդ գումարով։

- Կա զարգացման պլան, որի համեմատ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանն է՝ 2018-23 թվականների։ Այդտեղ, իմ ցանկությունները չասեմ, բայց ինչ ես նախատեսել էի, որ անհրաժեշտ է, այնտեղ արտացոլված է: