Չեմ հասկանում՝ ինչ է նշանակում բանակցություն ասվածը, թշնամին հատել է պետական սահմանը, պետք է նույն պահին ոչնչացվեր. դա է կարգուկանոնը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Ըստ վերջինիս՝ ներկայիս իշխանությունը բավարար ժամանակ ուներ սահմանները ամրապնդելու համար. «Պատերազմից այսքան ժամանակ անց ներկայիս իշխանությունը պետք է կարողանար սահմանները կահավորել: Այն, որ սահմանները դեռ կահավորված չեն, միմիայն, իշխանությունների թերացումն է»,- ընդգծեց Մովսես Հակոբյանը:
Նա այն կարծիքին է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո իշխանությունը պետք է պատարստ լիներ նման զարգացումների. «Այն, ինչ որ ստորագրվել էր նոյեմբերի 9-ին, պետք է հասկանալի լիներ, որ հետևանքները սրանք են լինելու, միանգամայն, պետք է սահմանները ամրապնդվեին, ոչ թե հովիվը հայտնաբերեր, որ ադրբեջանցի զինվորները հատել են մեր սահմանները»,- ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետը:
Մեր այն հարցին, թե, երբ թշնամին հատեց ՀՀ պետական սահմանը, հայկական կողմը ինչու կանխարգելիչ գործողությունների չդիմեց, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Մեր իշխանությունները ոչ ադեկվատ և ֆորմալ են, այս պատճառով մեր կողմից չեղան ոչ մի կանխարգելիչ գործողություններ»,- եզրափակեց նա:
Զվարթ Պետրոսյան