Իմ պաշտոնից ազատման հրամանը չի համապատասխանում իմ զեկուցագրի էությանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։
«Սա առանձին թեմա է, ես նախարարին խնդրել եմ, որպեսզի հրամանն արձակի այնպես, ինչպես գրված է իմ զեկուցագրի մեջ, սակայն նա չի համաձայնվել։ Մենք կփորձենք շտկել, եթե չստացվի՝ կբողոքարկենք և հրամանը կգրվի այնպես, ինչպես գրված է իմ զեկուցագրում, իսկ իմ զեկուցագրում գրված է ճշմարտությունը՝ իմ զորացրման պատճառը»,-ասաց Մովսես Հակոբյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է նա կայացրել պաշտոնից ազատվելու որոշում, Մովսես Հակոբյանը պատասխանեց․ «Որոշումս վաղուց՝ դեռևս հոկտեմբերի 5-ից եմ կայացրել, որպեսզի զորացրվեմ բանակից։ Թե ինչու այն ժամանակ զորացրվելու զեկուցագիր չեմ գրել, որովհետև հաշվի եմ առել, որ պատերազմի ընթացքում իմ որոշումը վնաս է հասցնելու Զինված Ուժերին և որոշել եմ սպասել մինչև պատերազմի ավարտը։ Չնայած այդ ընթացքում ես այդ որոշումը կայացրել էի, սակայն շարունակել եմ իմ խորհուրդներով օգտակար լինել բանակին»։