Ադրբեջանն անընդհատ շարունակելու է սահմանին լարվածություն պահպանել ու բնակիչներին սպառնալ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Նա ասաց, որ պետք է պատրաստ լինել ամեն ինչին. «Կարծում եմ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից պետք է պատրաստ լինենք»,- նշեց նա:
Հետաքրքրվեցինք՝ ինչ սպասել Ադրբեջանից, հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ լինի, գեներալ-գնդապետը պատասխանեց. «44-օրյա պատերազմի պես, իհարկե, չի լինի, սակայն մեկ ուրիշ բան կլինի: Ադրբեջանը մինչև Հայաստանն ու Ղարաբաղը չհայաթափի, կանգն չի առնի»,- նշեց Մովսես Հակոբյանը:
Հարցին, ինչ զսպող մեխանիզմներ պետք է իշխանությունը գործի դնի, որ չի անում, նա կտրուկ պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչով են զբաղված մեր իշխանությունները»,-ասաց մեր զրուցակիցը:
Վերջինս նաև շեշտեց, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը, միանշանակ, կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ:
Նշենք, որ արդեն քանի օր է, ինչ ադրբեջանցիները կրակահերթ կամ ականներ են արձակում սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Այսօր էլ նրանց գործողությունների հետևանքով քաղաքացիական անձը ստացել է բեկորային վնասվածք:
Զվարթ Պետրոսյան