Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալներ Արտյոմ Սմբատյանը և Գևորգ Սիմոնյանը, առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանն այցելել են ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ ոլորտի պատասխանատուները շրջել են վերանորոգված բաժանմունքներով, եղել քիմիաթերապիայի բացօթյա սրահում, ծանոթացել վիրահատարանի ու վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանը, այցելել Կանանց առողջության նորաբաց կլինիկա ու թորակալ վիրաբուժության բաժանմունք:
Նարեկ Մանուկյանը ներկայացրել է կենտրոնի կարողություններն ու առկա հնարավորությունները, վերջին շրջանում կատարված բարեփոխումներն ու սարքերով հագեցվածությունը: Միաժամանակ, անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին, ինչպես նաև նախատեսվող անելիքներին:
Անահիտ Ավանեսյանը դրական է գնահատել բոլոր փոփոխությունները և հույս հայտնել, որ բարվոք պայմաններն ու նյութատեխնիկական հագեցվածությունը բուժման գործընթացում ցանկալի արդյունք կապահովեն:
Այնուհետև, նախարարն ու տեղակալներն այցելել են ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն և տնօրեն Սամվել Դանիելյանի հետ շրջել հաստատության տարածքում:
Սամվել Դանիելյանը ներկայացրել է կենտրոնում կատարված փոփոխությունները, առկա կարողություններն ու հնարավորությունները:
Անահիտ Ավանեսյանն այցի ընթացքում հանդիպել է բուժման մեջ գտնվող երեխաներին, զրուցել ծնողների հետ, հետաքրքրվել փոքրիկների բուժման ընթացքով և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:
Այցի ավարտին կայացել է հանդիպում Արյունաբանական կենտրոնի անձնակազմի հետ: Վերջիններս ներկայացրել են կենտրոնի նվաճումներն՝ ըստ ուղղությունների, կիսվել խնդիրներով ու նոր մտահղացումներով:
Նախարարը ողջունել է հավակնոտ ծրագրերի իրականացմանն ուղղված կենտրոնի անձնակազմի վճռականությունը և ընդգծել, որ պոտենցիալն ակներև է՝ տարածաշրջանում լավագույն ու մրցունակ արյունաբանական ծառայություն ունենալու առումով: