Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղել է Վ. Ավանյանի անվան Դիլիջանի բժշկական կենտրոնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կազմակերպության ղեկավարը նախարարին է ներկայացրել հաստատության շենքային պայմանները, նյութատեխնիկական հագեցվածության և մասնագետներով ապահովման խնդիրները, վիրահատությունների ծավալն ու հետվիրահատական բուժման կազմակերպման մոտեցումները, ինչպես նաև բժշկական կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ մի քանի հիվանդասենյակ նորոգվել է, իսկ սեպտեմբերից կսկսվեն բուժհաստատության կապիտալ վերանորոգման աշխատանքները:
Առողջապահական այս հաստատությունն ունի 40 մահճակալ, պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայություններ' վիրաբուժական, սոմատիկ, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն, ախտորոշիչ բաժանմունքներ: Կենտրոնը Դիլիջանից բացի սպասարկում է նաև հարևան գյուղական համայնքներին:
Արմեն Մուրադյանը շրջել է հիվանդասենյակներով, զրուցել հիվանդների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով: Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ նախարարը կարևորել է նրանց աշխատավարձերի բարձրացումը, ինչով պայմանավորված է նաև աշխատանքի արդյունավետությունը: «Մեր գործունեության առանցքում պետք է լինի բնակչությանն առողջ պահելու գաղափարը: Անհրաժեշտ է իրազեկման մեծ աշխատանք իրականացնել»,-նշել է նախարարը:
Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Իջևանի բժշկական կենտրոնն է եղել: Արդիականացված բուժկենտրոնի վիրաբուժական բաժանմունքում 2013-ին կատարվել է 166 վիրահատություն: Արմեն Մուրադյանը նշել է, որ վերազինված կենտրոնն ավելի մեծ ծավալի վիրահատություններ իրականացնելու հնարավորություն և բավարար հագեցած վիրահատարան ունի: Հիվանդանոցը տեխնիկապես հագեցած է, համալրված ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով: Նախարարի ուշադրության կենտրոնում են եղել հիվանդանոցի' նեղ մասնագետներով համալրման, ինչպես նաև ֆինանսների ճիշտ կառավարման ու դեղորայքային ապահովվածության խնդիրներները:
Առողջապահության ոլորտի պատասխանատուն այցելել է նաև վերակենդանացման բաժանմունք, հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվության սենյակ, ծանոթացել նաև տեղեկատու ծառայության աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ: