ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի և կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքոնյանի ուղեկցությամբ շրջել է շինհրապարակով, ծանոթացել իրական ացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

 

«Արդեն ավարտվել են շենքի հիմքերի, պատերի, միջհարկային ծածկերի ուժեղացման, շրջանակների կառուցման աշխատանքները, ամբողջությամբ փոխվել է տանիքը: Այժմ ընթանում են միջնորմերի կառուցման, նկուղային հարկի հատակի երկաթբետոնյա սալի կառուցման, ներքին հարդարման և դրենաժի կառուցման աշխատանքներ»,-ներկայացնելով իրականացվող աշխատանքները' ասել է Նելսոն Զուլոյանը:

 

Նախարարը զրուցել է շինարարների հետ, հորդորել ջանք չխնայել կենտրոնի վերանորոգումը հավուր պատճաշի և ժամանակին իրականացնելու համար' պահպանելով շինարարական բոլոր անհրաժեշտ նորմերը:

 

Արմեն Մուրադյանը ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենին և շինարարական կազմակերպության ղեկավարին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել իրականացվող շինարարական աշխատանքների որակն ու ժամկետները' բացառելով նախանշված ժամկետների խախտումներ:

 

2013 թվականին մեկնարկած Ճամբարակի հիվանդանոցի հիմնանորոգման առաջին փուլն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից 2012-2013թթ. ֆինանսավորվող ծրագրի արդյունքում առաջացած տնտեսված միջոցների հաշվին: Նույն ժամանակահատվածում «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ»-ի միջոցներով շարունակվում են ծրագրի 2-րդ փուլի' ներքին հարդարման աշխատանքները: Աշխատանքների ավարտը նախանշված է 2015թ. մայիսին:

 

Ճամբարակի բժշկական կենտրոնը և պոլիկլինիկան այժմ տեղակայված են սանեպիտկայանի շենքում: Նախարարը շրջել է կենտրոնով, զրուցել բուժանձնակազմի և հիվանդների հետ, հետաքրքրվել խնդիրներով: Նա ատաջարկել է կենտրոնի բուժաշխատողներին նեղ մասնագիտացում ձեռք բերելու համար մասնակցել վերապատրաստումների: