ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է լուրին, թե Իրան կատարած այցի ընթացքում իր ժամանումը կաթնամթերք արտադրող ընկերության գործարան չի կայացել, քանզի նախարարն ու պատվիրակության անդամները նախօրեին մասնակցել են խրախճանք–գինարբուքի։
Վահան Քերոբյանի փոխանցմամբ` հունվարի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ինքն ունեցել է մոտ երեք տասնյակ հանդիպում, այսինքն` օրական մոտ 10 հանդիպում ահավոր տեմպի պայմաններում, արթնացել է ժամը 7-ին, օր է եղել նաև ժամը 4-ին, որոշ հանդիպումների համար մեկնել է նաև Սպահան։
«Հունվարի 25-ին՝ վերադարձի նախօրեին, օրակարգը պետք է ավարտվեր ժամը 8-ին, սակայն դրանից հետո եղավ ևս մի քանի հանդիպում, ինչից հետո մոտավորապես ժամը 10-ին Իրանում Հայաստանի դեսպանը, ով կառավարել է մեր գրաֆիկը, խնդրեց անցկացնել ևս մեկ հանդիպում «Իրան–Հայաստան» առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Նրանց գրասենյակ տանող ճանապարհը բավականին երկար էր, և երբ ասացի, որ հաջորդ առավոտյան պետք է իրականացնենք այլ հանդիպում, դեսպանը նշեց, որ այդ այցն անհամեմատ ավելի կարևոր է, ուստի չեղարկեց հաջորդ առավոտյան նախատեսված հանդիպումը»,– նշեց էկոնոմիկայի նախարարը։
Վահան Քերոբյանի տեղեկացմամբ` իրենք ուշ երեկոյան մեկնել են այցի, ընդ որում` գնալու և վերադառնալու վրա ծախսել են մոտ երեք ժամ։ Նախարարի հավաստմամբ` գինաբուքի հետ կապված տեղեկությունը ծիծաղելի, անամոթ սուտ է, նման բան չի եղել և ինքը հաջորդ առավոտյան ժամը 8-ից շարունակել է իր աշխատանքային առօրյան ու քանի որ նախապես չեղարկվել էր հանդիպումը, այդ առթիվ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։
Նախարարի խոսքով` բացի նախապես պլանավորված գրաֆիկից, կատարվել է ավելի քան 10 լրացուցիչ այց, և եթե դեսպանը համարել է, որ կա ավելի կարևոր հանդիպում, քան կաթնամթերքի ընկերության գործարան կայանալիք այցը, ինքը վստահել է դեսպանին։