Օրերս Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ «ինչպես պայմանավորվել էինք, հունվարի 29-ին Սյունիք կատարած իմ այցի ընթացքում, երեկ արդեն մեկնարկել են Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները»:
Այս տեղեկությունը կասկածի լայն ալիք բարձրացրեց, քանի որ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել էր, որ «նախքան Տիգրան Ավինյանը կայցելեր Շուռնուխ, բարերարները արդեն 20 օր է՝ զբաղվում էին շինարարական աշխատանքներով»:
ԼՈՒՐԵՐ.com-ը կրկին կապ հաստատեց Հակոբ Արշակյանի հետ՝ պարզելու, թե իրականում Շուռնուխում ում ջանքերով են սկսվել շինարարական աշխատանքները:
«Մինչև Տիգրան Ավինյանի գալը՝ բարերարները մեկ ամիս առաջ արդեն եկել էին: Դա այն ժամանակ էր, երբ Շուռնուխից բնակիչներին չէին տարհանել: Բարերարներն էլ որոշեցին, որ 10-15 տուն կկառուցեն, որպեզսի գյուղը մեծանա՝ Արցախից տարհանված ժողովրդին բնակեցնելու համար. սկզբնական շրջանում նման ծրագրեր են եղել»,- մանրամասնեց Արշակյանը:
Այնուհետև, երբ Շուռնուխի 12 տուն հանձնվեց թշնամուն, և բնակիչները մնացին առանց տանիքի, բարերարները որոշեցին նախ վերջիններիս կեցության խնդիրները լուծել՝ կառուցելով 12 տուն, իսկ հետո միայն Արցախից տեղահանվածների համար տներ կառուցել:
«Հիմա երկուստեք շինարարական աշխատանքներ են իրականացվում, ավելին՝ բարերաներն արդեն սկսել են սահմանապահ զինվորների համար դիրքեր կառուցելու աշխատանքները, որպեսզի մեր զինվորները ապահով ու հանգիստ լինեն»,- տեղեկացրեց համայնքապետը:
Ստացվում է՝ կառավարության ներկայացուցիչները, բարերարները և Շուռնուխի համայնքապետարանը համագործակցում են միմյանց հետ:
«Իրենք խոսել են իրար հետ, փոխհամաձայնության են եկել, հնարավոր է՝ կիսաքանդված տներն էլ վերանորոգեն: Թե՛ կառավարության, թե՛ բարերարների անհանգստության պատճառը ժողովրդի ճակատագիրն է»,- եզրափակեց համայնքապետը:
Արփինե Հակոբյան