««Ախթալա ԼՀԿ» ընկերությունն ընդամենը «Նահատակ» պոչամբարի ջրահեռացման համակարգի բարձրացում էր իրականացնում, սակայն աշխատանքները դադարեցվեցին՝ գյուղի բնակիչների բողոքի արդյունքում: Ես անձամբ տեղում եմ եղել և հրահանգել եմ դադարեցնել շինարարական աշխատանքները, մինչև տեսնենք, թե ինչպես կկարողանանք լուծել խնդիրը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Լոռու մարզի Մեծ Այրումի համյայնքապետ Արկադի Թամազյանը: Նրա խոսքով՝ այս պահին համայնքում դրությունը հանդարտ է։ Նշենք, որ ավելի վաղ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այսօր Մեծ Այրում գյուղի բնակիչները նկատել էին, որ «Ախթալա ԼՀԿ» ընկերությունը բարձրացնում է պոչամբարի պատվարը, ինչին բնակիչները կտրականապես դեմ են և ամեն բան փորձում էին անել աշխատանքները դադարեցնելու համար: Ի վերջո, բնակիչների ջանքերով աշխատանքները կասեցվել են։ Դրանից առաջ ընկերությունը խոստացել էր համայնքի բնակիչներին, որ այլևս պատվարի բարձրացում չի իրականացնելու, այլ սկսելու է պոչամբարի ռեկուլտիվացման գործընթացը։ Համայնքի բնակիչները պահանջում են ռեկուլտիվացնել պոչամբարը և տրամադրել իրենց փոխհատուցում'առողջությանը և գյուղատնտեսությանը պատճառված վնասների համար։