Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` տեղական ժամանակով ժամը 15։29-ին, երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանում, էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք։
ԼՈՒՐԵՐ․com-ը երկրաշարժից հետո մանրմասներ իմանալու նպատակով կապ հաստատեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ, որը նշեց՝ իրենց քաղաքում ևս ուժեղ ցնցում է գրանցվել․ «Ուժեղ ցնցում եղել է, բայց ավերվածություններ չունենք, փառք Աստծո։ Բնակչության շրջանում խուճապ կա, բոլորը բնակարաններից դուրս էին եկել։ Հնարավոր է, որ շենքերի ներսում ճաքեր լինեն, այս պահին ճշտվում են դրանք»,- նշեց Մասիսի քաղաքապետը։
Վերջինս ասաց, որ այս պահի դրությամբ էլ ոչ բոլոր բնակիչներն են գնացել տուն․ «Մինչև հիմա էլ դեռ կան մարդիկ, որոնք դրսում են»,- եզրափակեց Դավիթ Համբարձումյանը։
Զվարթ Պետրոսյան