Ազգականին սպանել էր՝ դին թաղել նկուղում փորված փոսի մեջ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Դավիթ Բալայանի նախագահությամբ, 68-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող Վարդան Սիմոնյանի գործը կարճել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Նշենք, որ մինչ այդ Վարդան Սիմոնյանի պաշտպանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով նախատեսված ժամկետն անցնելու հիմքով: Միջնորդությանը միացել է նաև Վարդան Սիմոնյանը և դատարանին խնդրել իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել ոչ թե արդարացնելու, այլ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Ներկայացված միջնորդությանը դատախազը չի առարկել, սակայն տուժողի իրավահաջորդը ոչ միայն չի առարկել, այլև հայտարարել է, որ սպանությունը կատարվել է խմբի կազմում, և այդ մասին տվյալներ կան քրեական գործում: Տուժողի իրավահաջորդի այս հայտարարությունը դատախազ Է. Պետրոսյանը «սուբյեկտիվ ընկալում» է որակել: Ըստ դատախազի՝ գործի նյութերում այլ անձանց վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կա, որը չի բողոքարկվել:
Այսպիսով, տարեց կնոջ սպանությունը կատարվել էր ո՛չ ավել, ո՛չ պակաս 2005թ. սեպտեմբերին, սակայն նրա սպանությունը բացահայտվել է 2019թ. հոկտեմբերին։ Կնոջ դին իրավապահների կողմից հայտնաբերվել էր Նոր Արեշ թաղամասում գտնվող իր ազգականի տան նկուղում: Սպանված Նինա Յաղուտյանը մեղադրյալի մոր մորեղբոր կինն էր: Տարեց կինը Վարդան Սիմոնյանի հրավերով հյուրընկալվել է վերջինիս տանը և տևական ժամանակ բնակվել նրա ընտանիքի հետ: Դատաքննության ընթացքում հայտնի դարձավ, որ տարեց կնոջը դաժանորեն սպանել է հենց իրեն հյուրընկալած ազգականը՝ ձեռքերով սեղմելով կնոջ պարանոցը: Մեղադրանքի համաձայն՝ այդ ամենից հետո տղամարդը կնոջ դին թաղել է տան ննջասենյակի ստորին հատվածում գտնվող նկուղում՝ իր փորած փոսի մեջ: Եվ միայն սպանությունից 14 տարի անց իրավապահներին հաջողվել է բացահայտել սպանությունը և հիշյալ տան նկուղում հայտնաբերել կնոջ մարմնի մնացորդները՝ գանգը, ոսկորները, հագուստի մնացորդները:
Վարդան Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց՝ ընտրվել էր կալանավորումը: Գործով նախաքննության ընթացքում կալանքի ժամկետը 2 անգամ երկարացվել է, ապա 10 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ է արձակվել, իսկ 2020 թ. օգոստոսի 14-ին գրավը փոխոխվել է և որպես խափանման միջոց՝ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: