Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ, որով առաջարկվում է հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Նախատեսվում է նաեւ, որ եթե նույն արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ, որն ասաց, որ 21-րդ դարում չի կարելի ընդունել նման նախագիծ, պետք է մերժել այն և առաջ շարժվել. «Մամուլի ազատության բնագավառում մեր ձեռք բերված բոլոր նվաճումները այս նախագիծը զրոյացնում է, և այն մեծ տարակուսանք է առաջացրել մեր միջազգային գործընկերների մոտ»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
Նա այն համոզմունքն ունի, որ այդ նախագիծը անդրադառնալու է մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի տեղին և դիրքին. «Հայաստանը այժմ 61-րդ տեղում է, բայց եթե հանկարծ այդ նախագիծն ընդունվի Հայաստանում, մենք, գուցե, տասնյակի հասնող կետով հետ շպրտվենք այդ ինդեքսում և, ցավոք, այդպիսի նախագծերը հարիր են շատ ավելի ավտորիտար ռեժիմի երկրներին: Այդպիսի նախագծերը հարիր են Ադրբեջանի, Թուրքմենստանի նման հետամնաց երկներին: Պատժելու գործիքը նախքան առաջնային համարելը, պետք է ավելի շատ կենտրոնանան համընդանուր կրթության և մեդիագրագիտության վրա, ոչ թե մտածեն, թե ում, ինչպես պատժեն կամ ազատազրկեն»,- ընդգծեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը՝ հավելելով, որ եթե այդ ամենին կարելի է հասնել ավելի երկարաժամկետ, բայց արդյունավետ տարբերակով՝ ինչու ընտրել անարդյունավետ տարբերակ.
«Եթե հանրավոր է կրթության, բացատրելու միջոցով հասնել արդյունքի՝ ինչու պատժել և խստացնել այդ պատիժները, ընդհանրապես, պատժի միջոցով հնարավոր չէ հասնել երկարաժամկետ դրական արդյունքների: Դրանք կարճաժամկետ, այսպես ասած, մահակի ազդեցություն կարող են ունենալ, բայց ոչ երբեք երկարաժամկետ ու հիմնարար դրական ազդեցություն. այն մերժելի գաղափար է, անհամատեղելի ընդհանուր գործընթացների հետ»,- նշեց մեր զրուցակիցը: