ԱԱԾ շենքից քիչ առաջ դուրս եկան ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան եւ սահմանադրագետ Գոհար Մելոյանը, ովքեր ավելի վաղ բերման էին ենթարկվել ԱԱԾ։
«Ես բացարձակ գաղափար չունեմ՝ ինչ է կատարվում եւ ինչո՞ւ եմ ես հայտնվել ԱԱԾ-ի շենքում։ Առգրավվել է իմ հեռախոսը, եւ աշխատանքային համակարգիչը, որի մեջ կար աշխատանքային ինֆորմացիա, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական հանցագորությունների վերաբերյալ, որը պետք է ՄԻՊ-ին փոխանցեի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Գոհար Մելոյանն էլ հավելեց, որ նախ խուզարկել են իրենց աշխատասենյակները, ապա բերման ենթարկել ԱԱԾ։ Քննիչները հրաժարվել են ցույց տալ դատարանի որոշումը, որով կարող են խուզարկություն իրականացնել
«Չեմ կարող ասել, թե ինչ գործի շրջանակում էր խուզարկություն իրականացվում։ Առգրավվել են մի շարք անձնական իրեր, ամբողջովին ուսումնասիրվել են առկա հաստափոր թղթապանակները, որտեղ իրենց հետաքրքրող նյութեր չկային։ Առգրավվել են նաեւ համակարգիչներ»,- ասաց նա։
Թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկվել, Մելոյանն ասաց, որ դեռ անհասկանալի է, միայն կարող է ասել, որ հարցաքննվել են կասկածյալի հիմքով, եւ հրաժարվել են ցուցմունք տալ։