Քիչ առաջ տելեգրամյան ալիքներն սկսեցին ինֆորմացիա տարածել այն մասին, որ Ոստիկանանական բռնության հետևանքով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ուղեղի ցնցում է ստացել:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ տարածվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում. «Տելեգրամյան ալիքներին մի՛ հավատացեք, այսօր նախատեսված հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը ներկա կլինի: Վնասվածք ստացել էր, այո՛, բայց այնպես չէ, որի չի կարող մասնակցել»:
Հավելենք, որ Ոստիկանության գործողությունների հետևանքով կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը: Վերջինս ոստիկանական բաժանմունքից տեղափոխվում է 8-րդ հիվանդանոց:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 23-ին, Փաշինյանի՝ կառավարության շենքից դեպի մեկ այլ մասնաշենք տեղափոխվելու համար հազարավոր ոստիկաններ էին հավաքվել։ Ոստիկանությունը, նախքան Փաշինյանի դեմ ակցիայի սկիզբը, բերման ենթարկեց բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում, փորձեց բերման ենթարկել նաև Իշխան Սաղաթելյանին: Վերջինս բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին էր միացել կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ: