«Մարտի 1-ի» գործով դատավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զարմացնում է։ Այս մասին վարչապետն անձամբ նշեց այսօր Նվեր Մնացականանին տված հարցազրույցում։
«Մենք ունենք գործեր, որոնք օրինակ արդեն երկար ամիսներ դատարանում են, բայց այդպես էլ դատաքննության փուլ չեն մտնում: Որպեսզի հանրությանն այս տերմինի տարբերությունը կարողանանք ներկայացնել, ո՞րն է դատաքննության փուլը. երբ սկսվում են հետազոտվել ապացույցները, թե առաջադրված մեղադրանքն ինչքանով է հիմնավորված: Մենք ունենք այսպիսի բազմաթիվ գործեր, ընդ որում շատ հայտնի անձանց, ամբաստանյալների ներգրավմամբ, որոնք այդպես էլ դատաքննության փուլ չեն մտնում: Ամիսներով դատ է գնում, և դեռևս քրեական գործը չեն բացել, տեսնեն՝ ի վերջո մեջն ինչ է գրված»,- նշեց վարչապետը:
Այստեղ, ըստ վարչապետի, և՛ Դատախազությունը, և՛ Արդարադատության նախարարությունը, և՛ Բարձրագույն դատական խորհուրդը, և՛ ի վերջո Ազգային ժողովն անելիք ունեն:
«Իրականում վեթինգի այն գործիքը, որը հնարավոր էր Հայաստանի Սահմանադրության պայմաններում կիրառել՝ կիրառվում է: Հենց այսօր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է և շարունակելու է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ դատավորների գույքային իրավիճակի ստուգումը: Ընդ որում, այս գործիքն արդյունավետ դարձնելու համար օրենսդրորեն հնարավորություն ենք տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասանելիություն ստանալ բանկային գաղտնիքների նկատմամբ: Այսինքն, եթե որևէ դատավոր կոռումպացված է, եթե չեն կարող ասել՝ բոլորն առանց բացառության կոռումպացված են, բայց եթե որևէ դատավոր կոռումպացված է՝ այդ կոռուպցիան պետք է ունենա գույքային որևէ հետք:
Գույքային հետքը գտնելու մեխանիզմը բանկային գաղտնիքն է և ունեցվածքի վերաբերյալ պատկերացում կազմելու գործիքները տալը: Մենք այդ գործիքները տվել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և եթե էլի գործիքներ անհրաժեշտ լինեն՝ այդ գործիքներն էլ կտանք:
Էլ չեմ ասում, որ նոր ընդունվող դատավորների, նոր դատավորի կարգավիճակ ստացող անձանց վերաբերյալ այդ գործողությունը կրկնակի, եռակի անգամ ավելի խորությամբ է իրականացվում: Իսկ ինչո՞ւ մյուսների նկատմամբ եռակի անգամ ավելի խորությամբ չի իրականացվում, որովհետև կա սահմանադրական արգելք: Բայց նաև սա չի նշանակում, թե այդ պրոցեսն այլընտրանքային եղանակներով օրինական ձևով իրականացնելու հնարավորություն չկա: Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունը կօգտագործվի:»,- նշեց Փաշինյանը: