Ոստիկանները փորձում են խափանել Գյումրի-Երևան քայլարշավը՝ զանգերով անհանգստացնելով երթի մասնակիցներին: Այդ մասին ԳԱԼԱ-ին փոխանցում է Գյումրի-Երևան երթի մասնակիցներից Լևոն Վարդանյանը: «Մենք ոտքով գնում ենք, մեզ հետևում եմ, մեր հետևից առանձին մեքենաներով գալիս են: Մենք հիմա արդեն հասել ենք Թալին: Շիրակի մարզի բոլոր գյուղերի միջով անցել ենք, հիմա մի երեսուն հոգի կլինի»,- ասաց նա:

«Էդ հերիք չէ, որ վախացրել են մարդկանց, որ սաղ գալիս կանգնում, օրհնում ու ճամփու են դնում, բայց վախենում են միանալ, հիմա էլ տարբեր մարդիկ անընդհատ զանգահարում և անհանգստացնում են մեզ»,- ասաց Լևոն Վարդանյանը: Նա նշեց նաև, որ գիշերը դադարեցնում են քայլերթը, մի տեղ կգիշերեն և լուսաբացին նորից կշարունակեն քայլել:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 7-ի առավոտյան, ժամը 9:30-ին Գյումրիի Թատերական հրապարակից մեկնարկել է դեպի Երևան քայլարշավը, որի մասնակիցները մտադիր են ոտքով հասնել Երևան և ապրիլի 9-ին մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Քրիստինա Մկրտչյան