Այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ տեղեկություն ունի՝ Գլխավոր շտաբն ուզում են ընդգրկել ՊՆ-ի մեջ: Այս թեմայով մեկնաբանություն ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ, որը տեղին չհամարեց Էդմոն Մարուքյանի այդ հայտարարությունը. «Ես նախագծից տեղյակ չեմ, բայց ինքը՝ գաղափարը, շատ տարօրինակ է: Գլխավոր շտաբը այսպես, թե այնպես ՊՆ-ի կազմում է»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ նախագծի լինելու դեպքում նոր ավելի հստակ կարծիք կհայտնի։
Անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, թե Օնիկ Գասպարյանին վարչապետի հրաժարականի պահանջի վերաբերյալ հայտարարություն անելու հարցում ուղղորդել է Սերժ Սարգսյանը, Արտակ Զաքարյանն ասաց. «Հերթական կեղծ հայտարարությունն էր, Օնիկ Գասպարյանը շատ լավ տեսնում է պետության խնդիրները: ԳՇ-ի հայտարարությունը մեկ օրում չի ծնվել այն, առնվազն 2 տարվա պատմություն ունի, Գլխավոր շտաբը որևէ մեկի ուղղորդման կարիքը չունի: Իսկ Սերժ Սարգսյանը երբեք իրեն թույլ չի տվել որևէ պետական կառույցի գործառույթներին միջամտել»,- ասաց նա:
Վերջինս նաև հավելեց, որ բանակը ոչ մեկի կողմը չի անցել և չի անցնելու. «Գլխավոր շտաբի հայտարարության մեջ շատ հստակ գրված են իրենց մտահոգությունները այնտեղ գրված չէ, որ միանում են ինչ-որ մեկին: Ինչ-որ մեկին միանալու կարիքն էլ չկա»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը:
Զվարթ Պետրոսյան