«Հայրենիքի փրկության շարժում»-ը մտադիր է նոր թափով շարունակել ներքաղաքական պայքարը Հայաստանում: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շարժման էջը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի շենքի մուտքերը փակ են: Նաև փակ են Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը։
Ընդդիմադիր շարժման աջակիցները գիշերել են Ազգային ժողովի շենքի հարևանությամբ: Մարտի 9-ի երեկոյան շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ էր արել ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում: Նպատակն այն է, որ թույլ չտան պատգամավորներին մուտք գործել Ազգային ժողովի շենք՝ ավելացնելով, թե «նրանք անելիք չունեն»:
Շարժման աջակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք մարտի 9-ին ԱԺ մուտքերն արգելափակելու որոշում կայացրին պայմանավորված նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավական ընթացակարգերի ժամկետները լրանալու հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանը որոշել էր չստորագրել վարչապետի ներկայացրած հրամանագրի նախագիծը, միաժամանակ նախագահը մարտի 9-ին դեռ հնարավորություն ուներ Սահմանադրական դատարանում վիճարկելու հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը, սակայն Սարգսյանը նաև ՍԴ չդիմեց:
Ըստ այդմ, մարտի 10-ի առավոտյան ՀՀ վարչապետը հայտարարեց իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանին ազատելն ուժի մեջ մտնելու մասին: