Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, հերքում է թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզ տրամադրելու մասին լուրերը։ Այս մասին կազմակերպությունը հայտարարություն է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։ «ՀԱԼՈ Թրաստ֊ը տեղյակ է պնդման մասին, որ այն 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում ՀԱԼՈ Թրաստ-ն աշխատել է Ղարաբաղում՝ տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ ՀԱԼՈ Թրաստ-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ-քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտնել էր, որ վերը նշված կազմակերպությունը Արցախի տարածքի ականապատված տարածքների քարտեզներ էր հանձնել թուրքական հատուկ ծառայություններին։