Արմեն Խաչատրյանը, անձամբ Գորիս քաղաքում գտնվելով, տեսել է, թե որտեղ է եղել Գորիսի քաղաքապետը իր ջոկատով և թե ինչ ահռելի աշխատանք է տարել. նա գուցե պատասխանի այն հարցին, թե որն է եղել իր այդ խայտառակ հայտարարության պատճառը. մենք Գորիսից 3 զոհ ունենք, ինչպե՞ս կարելի է նման բան ասել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Սյունիքում որևէ համայնքապետ իր ջոկատով չի պայքարել թշնամու դեմ:
Վերջինս ասաց, որ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ժամանակ առ ժամանակ եկել է Գորիս, այն դեպքում, երբ որ համայնքի ղեկավարը քաղաքում չի եղել. «Աշխատասենյակում նստել է ու սուրճ է խմել: Իսկ այդ պահին Գորիսի համայնքապետը իր ջոկատներով կանգնել սահմանն է հսկել: Նրանք 3 անգամ խրամուղիներ են անցկացրել, որոնք հետո, ինչպես պարզվեց, մի գրչի հարվածով տվեցին թշնամուն»,- նշեց Գորիսի փոխքաղաքապետը:
Իսկ թե, բացի սուրճ խմելուց, Արմեն Խաչատրյանը Գորիսում լինելու ժամանակ էլ ինչ գործառույթ է կատարել, Իրինան պատասխանեց. «Արմեն Խաչատրյանը, Գորիսում լինելով, ընդամենը ուշի ուշով հետևել է, թե քաղաքում ինչ է կատարվում: Որ պահին ինչ անհրաժեշտություն որ եղել է սահմանի պաշտպանության հետ կապված, անգամ, ամենատարրական հարցերը լուծվել են բացառապես, անձնական կապերի միջոցով՝ իրավասու մարմիների 0 աջակցությամբ. սա փաստ է, սրան ականատես է եղել նաև Արմեն Խաչատրյանը»,- ընդգծեց Գորիսի փոխքաղաքապետը:
Ըստ Իրինայի խոսքերի, Արմեն Խաչատրյանը պատերազմի օրերին միակ իշխանական պատգամավորը չէր, որը Գորիսում էր. «Բացի Արմեն Խաչատրյանից՝ այստեղ են եղել նաև մի շարք այլ իմքայլական պատգամավորներ, որոնց համար առաջնագիծը, այո՛, եղել է Գորիսի համայնքապետարանը: Իրենք միայն ինչ-որ հեռախոսազանգեր են կատարել և վերջ, բայց ուրիշ ի՞նչ գործունեության մասին է խոսքը, ինչ է՝ իրենք այդ նույն կամավորական ջոկատների հե՞տ են եղել, ներգրավված են եղե՞լ այդ ամբողջ աշխատանքներին»,- նշեց փոխքաղաքապետը, հավելելով՝ թե՛ առաջնագծում և թե՛ թիկունքում Գորիսի համայնքապետը տարել է ահռելի աշխատանք, որոնց մասին իրենք չեն խոսում, քանի որ փիառի կարիք չունեն:
Վերջինս չհերքեց սահմանի դիրքերում առկա մի շարք խնդիրների մասին խոսակցությունները. «Այն, որ բազմաթիվ խնդիրներ կան դիրքերում, դա փաստ է: Գորիսը իրականում ռազմավարական նշանակության գործառույթ է իրականացրել, երբ Ստեփանակերտի և Շուշիի ենթակառուցվածքները վնասվեցին և այլևս չաշխատեցին, բոլոր գործառույթները կատարեց Գորիսը, միայն օրական 6000 հաց էր ուղարկում Ստեփանակերտ և սա ամիսներ շարունակ։ Սա ընդամենը մեկ օրինակ է, պարզապես մնացածի մասին մենք չենք ցանկանում բարձրաձայնել, քանի որ ռազմավարական տեսանկյունից այս պահին նպատակահարմար չէ»,- եզրափակեց նա՝ ընդգծելով, որ սահմանազատումներից հետո այլևս ոչ մի իմքայլական պատգամավորի չեն տեսել Գորիսում:
Զվարթ Պետրոսյան