Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխան հայտարարությամբ է հանդես եկել:
Մելիքբեկյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն: «Մարտի 16-ին տեղեկացանք «Լոռի ՖԱ»-ի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու ցավալի լուրի մասին: Համարելով այս քայլը անհեռանկար և սխալ՝ այդուհանդերձ, չենք ցանկանում մեկնաբանել այս իրավիճակը ազգային հավաքականի կարևորագույն հանդիպումներից առաջ: Մենք արդեն նկատել ենք և ունենք բազմաթիվ փաստեր, որ, սկսած 2020 թ. օգոստոսից, տարբեր ուժեր մշտապես ցանկանում են լարվածություն և սկանդալային իրավիճակի իմիտացիա ստեղծել ազգային հավաքականի յուրաքանչյուր հավաքից առաջ: Դրանով նրանք, կարծես, փորձում են խաթարել ազգային հավաքականում տիրող աշխատանքային մթնոլորտը:
«Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ միջադեպը քննելու է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն: Ես պատրաստվում եմ խոսել ստեղծված իրավիճակի մասին միմիայն ազգային հավաքականի հանդիպումներից հետո: Կարծում եմ, որ այդ հանդիպումներն այս պահին առաջնահերթ պետք է լինեն հայկական ֆուտբոլային ընտանիքի համար: Եվս մեկ անգամ կոչ եմ անում ֆուտբոլային հանրությանը կարևորագույն մեկնարկից առաջ միավորվել Հայաստանի ազգային հավաքականի շուրջ»:
Ավելի վաղ ՀՖՖ ղեկավարության պատասխանն Էդմոն Մարուքյանի սպառնալիքներին, որում մասնավորապես ասված էր. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջով անդրադարձել է հայկական ֆուտբոլին, մասնավորապես, Վանաձորի «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու որոշմանը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի «Արարատ»-«Լոռի» խաղի մեկնարկում Վանաձորը ներկայացնող թիմը հրաժարվել է խաղալ: Հետագայում «Լոռի ՖԱ» ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ ակումբը չի շարունակի ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում՝ հիմնավորելով այս որոշումը «ստեղծված անառողջ մթնոլորտով»: Էդմոն Մարուքյանը, սակայն, էլ ավելի առաջ է գնացել և բացատրել է «Լոռի ՖԱ» ղեկավարության վարքագիծը հետևյալ չհիմնավորված փաստարկներով․ «Այս իշխանության բերած կադրերը ձախողում են բոլոր ոլորտները», «իրենց պահում են ամենավերջին, ամենախայտառակ ձևով», «նման խայտառակություններ չեն էլ եղել», «ֆուտբոլի ղեկավարության ապագան սպասվում է քրեակատարողական հիմնարկներում»: Սրանք են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ ֆուտբոլին վերաբերող անդրադարձից հատվածներ:
Հնարավոր է, որ որոշ անձինք Էդմոն Մարուքյանին սխալ են ներկայացրել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը, այդուհանդերձ, կարծում ենք՝ նա չէ, որ պետք է գնահատականներ տա հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակին, որին բարձր գնահատականներ են տալիս ոլորտի իրական մասնագետները: Ուրախ ենք, որ պատգամավորը նկատել է, որ Հայաստանի առաջնությունն արդեն 8 ամիս է՝ ընթացքում է, և զարմանում ենք, որ չի նկատել, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդամենը մի քանի ամիս առաջ իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական մրցաշարի հաղթող է դարձել, լրջագույն հաջողություններ է գրանցել նաև Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը: Ընդ որում, դա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության համար ծանրագույն ժամանակաշրջանում, երբ COVID-19-ի համավարակի մարտահրավերներին ավելացել էր պատերազմական իրադրությունը: Հարկ է նշել, որ այդ հաջողությունների մեջ իրենց համեստ լուման ունեն, պարոն Մարուքյանի բառամթերքն օգտագործելով, «այս իշխանությունների բերած կադրերը»:
Մեր գնահատմամբ՝ Էդմոն Մարուքյանը, հակասելով մարզական հիմնարար սկզբունքներին, փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը, ինչն անթույլատրելի է հատկապես ներկա պահին, երբ Հայաստանի ազգային հավաքականն օրեր անց մեկնարկելու է Աշխարհի գավաթի ընտրական փուլում։ Ֆուտբոլի քաղաքականացումն անընդունելի և դատապարտելի քայլ է։
Եվ վերջապես, ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ ինչ-որ «քրեական փաստերի» մասին պարոն Մարուքյանի արած սպառնալիքի վերաբերյալ: Պաշտոնապես պահանջում ենք հրապարակել նման փաստեր, եթե դրանք առկա են, հակառակ դեպքում՝ հրապարակային ներողություն խնդրել ՀՖՖ ղեկավարությունից՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար»: